«ԼՂ-ում հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով»․ ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղի շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվում է հրադադարի ռեժիմը: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով»,- հայտնել է նա։

Նա հավելել է, որ «նոյեմբերի 14-ի դրությամբ շփման գծի երկայնքով խաղաղապահ գործողության անցկացման շրջանում տեղակայված են ռուսական խաղաղապահ զորակազմի 12 դիտակետեր, որոնք իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում են իրականացնում»։

Կոնաշենկովը հստակեցրել է, որ հարավում տեղակայվել է 14 դիտակետ, իսկ հյուսիսում՝ 3 դիտակետ, նախատեսվում է ավելացնել ևս 5 դիտակետ, ինչպես նաև նշել է, որ ռուս խաղաղապահների աջակցությամբ Շուշիում սկսվել է զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը:

Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահների հիմնական ուժերը շարունակում են ժամանել և տեղակայվել Լեռնային Ղարաբաղում: Դիտակետերի տեղակայման շրջաններում սակրավորներ են աշխատում և դիրքեր են նախապատրաստում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել էր, որ ռազմական տրանսպորտային ավիացիան 3 օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղ է տեղափոխել 1103 զինծառայող և 168 միավոր տեխնիկա: