«Վանեցյանը պաշտպանական ուղղությունը չի լքել, մինչև վերջ կանգնել է». Լևոն Մնացականյան․ 168․am

Արթուր Վանեցյանն Արցախում իրեն վստահված պաշտպանական հատվածում կանգնած է եղել սկզբից մինչև վերջ․ այս մասին 168․am-ին ասել է Արցախի Հանրապետության ՊԲ նախկին նախարար, գեներալ-լեյտենատ Լևոն Մնացականյանը։

«Արթուր Վանեցյանը և այդ տղաներն այդ ուղղությունում՝ պաշտպանությունում եղել են ու գտնվել են իրենց տեղում, կանգնել են, օգնել են մեզ ընդհանուր պաշտպանության գործում։ Եթե չեմ սխալվում՝ եղել են 30-40 հոգի մարդ։ Վանեցյանն այդ պաշտպանական ուղղությունը չի լքել, մինչև վերջ կանգնել է»,- նշել Լևոն Մնացականյանը։

Հարցին, եթե իրեն վստահված վայրը Արթուր Վանեցյանը չի լքել, այդ դեպքում ինչո՞ւ են նրա անունը շահարկում և ներկայացնում՝ որպես դասալիք, Լևոն Մնացականյանը պատասխանեց. «Չգիտեմ, ես այդ մասին որևէ բան չեմ կարող ասել, չեմ կարող ասել, թե ինչո՞ւ են նրա անունը շահարկում։ Բայց այն, որ նա ուղղություններից մեկում եղել ու մնացել է մինչև վերջ՝ փաստ է»։

Հաջորդ հարցին՝ եղե՞լ է որևէ դեպք, երբ Արթուր Վանեցյանը ստացել է որևէ առաջադրանք, սակայն այն չի կատարել, Լ. Մնացականյանը պատասխանեց. «Ոչ, նրանց խնդիրը միայն պաշտպանելն է եղել, առաջ գնալու խնդիր նրանց չի տրվել։ Իրենք տեղում այդ պաշտպանության  հարցն իրականացրել են»։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսելով իր հրաժարականը պահանջողների մասին, ասել էր, որ «Հայրենիք» կուսակցության ղեկավար, գեներալ Արթուր Վանեցյանը դասալիք է։ «Դիրքը թողել, փախել է ու դասալքության համար պետք է դատվի»,-ասել էր նա։