Ոչ մի դրախտային կյանք մեզ չի գերելու, ծնվել ենք այնտեղ՝ լեռների գրկում և հող կդառնանք մայր Արցախում. Մատաղիս համայնքի նախկին ղեկավար

Ազատության հրապարակում ընթացող «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաքին ներկա էր նաև  Արցախի Հանրապետության Մատաղիս համայնքի նախկին ղեկավար Նորա Գասպարյանը։

Դիմելով հանրահավաքի մասնակիցներին, նա ասաց, որ Արցախից է եկել՝ Մատաղիսից, որը, ասում են, իբրև թուրքի ձեռքին է, որին չի հավատում, նման բան չի լինելու։

«Քանի դեռ մենք ունենք այսպիսի հայություն, թուրքը Ղարաբաղին, Մատաղիսին չի տիրանալու։ Մենք այնտեղ ունենք գյուղեր, թուրքը չի կարող այդ շիրմաքարերը, խաչքարերը սեփանականացնել։ Եղել եմ ղեկավար, դպրոցի տնօրեն, հպարտ եմ եղել, հիմա էլ եմ հպարտ, չասեք՝ այս կինը գժվել է, հպարտ եմ, որ ունեմ այսպիսի հայություն։ Նաև հպարտ եմ, որ ունեմ այն զինվորականներին, որոնց հետ ես կռվել եմ, ձեզանից շատերը գուցե հիշեն, ես այնտեղ թողեցի որդուս գերեզմանը  և ոչ միայն որդուս շիրիմը, այլև աշակերտներիս»,- շեշտեց Մատաղիսի ղեկավարը։

Այնուհետև դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հարց ուղղեց, թե նման խայտառակ փաստաթուղթ ստորագրելիս հարցրե՞լ է արցախցիներին, չէ՞ որ ասել էր, որ արցախցու հետ գործ չունի։

«Ինչպե՞ս, ինչո՞ւ  ստորագրեցիր, Արցախի հողը դեռ թաց է, այնտեղ դեռ արյուն է հոսում։ Խնդրում եմ՝ միացեք, մեկ բռունցք դարձեք ու ոչ ասեք այս փաստաթղթին, հասեք Մատաղիս, հասեք Շուշի։ Ոչ մի դրախտային կյանք մեզ չի գերելու, ծնվել ենք այնտեղ՝ լեռների գրկում և հող կդառնանք մայր Արցախում»,- եզրափակեց նա։