Նոյեմբերի 13-ից անվճար Երևանից Ստեփանակերտ կուղևորվեն մարդատար ավտոբուսներ, որոնք Արցախ կտեղափոխեն ՀՀ-ում ապաստանած արցախցիներին (տեսանյութ)

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ընդունել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, ով կամավորական ջոկատի կազմում հերթապահություն էր իրականացնում Արցախի պաշտպանական դիրքերում:

«Քննարկել ենք ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մայրաքաղաք Ստեփանակերտում եղած ավերածությունների շուտափույթ վերականգնման-վերակառուցման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Պարոն Մարությանը պատրաստակամություն է հայտնել, որ Երևանի քաղաքապետարանն իր բաժին կարևոր մասնակցությունը կունենա, և շատ շուտով Ստեփանակերտ կգործուղվեն կոմունալ ծառայությունների ուղղությամբ մասնագիտացված խմբեր: Իսկ նոյեմբերի 13-ից կանոնավոր կերպով ամեն օր անվճար հիմունքներով Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից Ստեփանակերտ կուղևորվեն մարդատար ավտոբուսներ, որոնք Արցախ կտեղափոխեն բոլոր այն քաղաքացիներին, ովքեր պատերազմի պատճառով ստիպված ապաստանել էին Երևանում կամ ՀՀ մարզերում»,-գրել է ԱՀ նախագահը: