ԼՂ կարգավիճակը կորոշվի այս տարածաշրջանի բնակիչների իրավունքների հստակեցումից հետո. Լավրով

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի այս տարածաշրջանի բոլոր կատեգորիաների բնակիչների իրավունքների հստակեցումից հետո: Այս մասին հինգշաբթի՝ նոյեմբերի 12-ին, ռուսական ու արտասահմանյան լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Մենք ելնում ենք նրանից, որ այդ կարգավիճակը որոշվելու է կպայմանավորվի նրանով, թե ինչ գործողություններ մենք պետք է ձեռնարկենք Լեռնային Ղարաբաղում էթնոդավանանքային համերաշխության վերականգնմանն օգնելու համար»,- նշել է Լավրովը՝ ընդգծելով, որ էթնիկ ու կրոնական համերաշխությունն այնտեղ պետք է լինի այնպիսին, ինչպիսին եղել է երկար տարիներ մինչ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո բռնկված պատերազմը, «որն աղետալի հետևանքներ ունեցավ»։

«Կարգավիճակը կարելի է որոշել բացառապես այն բանից հետո, երբ պարզ կլինի, թե ինչ իրավունքներ կտրամադրվեն բոլոր նրանց, ովքեր ապրել են Լեռնային Ղարաբաղում ու իրավունք ունեն վերադառնալու, և, իհարկե, նրանց, ովքեր այս ընթացքում շարունակում էին այդ տարածքում մնալ»,- ասել է Լավրովը՝ շեշտելով, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման արհեստական ժամկետներ չպետք է լինեն։