Ցավալի է, որ այսօրվա արդյունքը, որը եղավ արյան գնով, կարող էր լինել առանց արյան. Լավրովը՝ ԼՂ շուրջ իրավիճակի մասին

ՌԴ-ն շահագրգռված է, որ աշխարհում ամեն տեղ, և հատկապես Ռուսաստանի սահմաններին մոտ, լինի հանգիստ իրադրություն և չլինեն «ծխացող» հակամարտություններ։ Այս մասին հինգշաբթի՝ նոյեմբերի 12-ին, լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Ակնհայտ սուտ է, երբ հայտարարում էին, որ Ռուսաստանը բոլորից շատ է հետաքրքրված Լեռնային Ղարաբաղում հակամարտության չլուծման հարցում և այսքան տարի ձգձգում էր դրա հանգուցալուծումը»,- ասել է Լավրովը՝ ընդգծելով, որ իրականում Ռուսաստանը բոլոր ջանքերը գործադրել է հակամարտության խաղաղ կարգավորման համար։

«Ռուսաստանն առաջատարն էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման խթանման հարցում, ինչի օրինակն է հայտնի Կազանի փաստաթողթը, որը թույլ կտար հասնել նույն արդյունքներին, ինչ կա այսօր, սակայն առանց արյունահեղության»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Նրա խոսքով՝ այդ փաստաթուղթը հնարավոր չեղավ կյանքի կոչել, ինչից հետո ՌԴ-ն առաջարկել է հակամարտության լուծման երկփուլային տարբերակը, որը նույնպես հակամարտող կողմերը սկզբում ոգևորությամբ են ընդունել, այնուհետև սկսել են կասկածներ հայտնել հանձնվող տարածքների, անվտանգության ապահովման և այլ հարցերի շուրջ։

«Սա նույնպես ձախողվեց ու անորոշ ժամանակով մի կողմ դրվեց ոչ մեր մեղքով, ուստի մենք չունենք բարի մտադրությունների ու առաջարկությունների պակաս։ Այժմ, ցավոք ուժի կիրառմամբ ու երկու կողմից զոհերի գնով, մենք այնուամենայնիվ հանգել են այն կարգավորմանը, որն առաջարկում էր Ռուսաստանը»,- նշել է Լավրովը՝ ընդգծելով, որ պատմությունը ոչինչ չի սովորեցնում։

«Միևնույն է, ցավալի է, որ այսօրվա արդյունքը, որը եղավ արյան գնով, կարող էր լինել առանց արյան», – հավելել է նա։