Ֆրանսիայի և ԱՄՆ պատվիրակությունները կայցելեն Մոսկվա՝ ԼՂ հարցով խորհրդակցությունների

Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների պատվիրակությունները առաջիկա օրերին կայցելեն Մոսկվա՝ Ղարաբաղի հարցով խորհրդակցությունների և ձեռք բերված պայմանավորվածությունները քննարկելու համար, հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք առաջարկել ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ողջունել ձեռք բերված հրադադարի համաձայնությունները՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ դրանք համահունչ են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված նախաձեռնություններին», – ասել է Լավրովն առցանց մամուլի ասուլիսում:

«Մենք ոչ մի կերպ չենք ցանկանում հեռու մնալ ամերիկացի և ֆրանսիացի մեր գործընկերներից: Ավելին, մենք նրանց հրավիրել ենք Մոսկվա, նրանք առաջիկա օրերին կլինեն այստեղ մանրամասն զրույցի համար, թե ինչպես կարող են նպաստել ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը»,- շեշտել է Լավրովը:

ՌԴ արտգործնախարարը հայտնել է նաև, որ որևէ թուրք խաղաղապահ Ղարաբաղ չի ուղարկվելու: Լավրովն անդրադարձել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմին:

«Եռանախագահության կազմը՝ Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա, ընդլայնելու որևէ ծրագիր չկա։ Մենք մշտական կապի մեջ ենք, երեկ ես զրուցել եմ Ժան-Իվ Լը Դրիանի հետ (Ֆրանսիայի ԱԳ նախարար – խմբ․)։ Իմ աշխատակիցները կապի մեջ են ամերիկյան ներկայացուցիչների հետ, որոնք ապահովում են Լեռնային Ղարաբաղի հարցով համանախագահության աշխատանքը»,- հավելել է Սերգեյ Լավրովը: