Ներկայիս հրադադարում տեղ գտած պայմաններն անընդունելի են Արցախի երկարաժամկետ անվտանգության համար. Ֆրենկ Փալոն

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը Թվիթերի միկրոբլոգում գրել է, որ ԼՂ հարցով ստորագրված հրադադարը երկարաժամկետ խաղաղ կարգավորում չէ։ Կան բազմաթիվ առանցքային հարցեր, որոնք պետք է լուծվեն, որպեսզի այս հակամարտությունը կայուն լուծում ստանա:

Կոնգրեսականն ԱՄՆ պետքարտուղարությանը կոչ է արել անհապաղ վերականգնել համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ՝ հարցերի լուծման համար։

«ԱՄՆ-ի կողմից աջակցվող ցանկացած ապագա բանակցային կարգավորում պետք է ապահովի, որ Արցախի ժողովուրդը հնարավորություն ունենա վերականգնելու իր համայնքները և կյանքը՝ չվախենալով հետագա արյունահեղությունից։

Ներկայիս հրադադարում տեղ գտած պայմաններն անընդունելի են Արցախի երկարաժամկետ անվտանգության համար»,- գրել է Ֆրենկ Փալոնը և հավելել, որ միջազգային հանրությունը պետք է վերջապես ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և նրա դերը որպես բանակցողի։

«Առանց դրա՝ նրանք շարունակելու են բախվել ադրբեջանական և թուրքական ուժերի հետագա հարձակումներին»,-գրել է կոնգրեսականը։