Մենք պահանջում ենք բացատրություն՝ կատարվածի վերաբերյալ. բժիշկ Գագիկ Միրիջանյան

Բժիշկ Գագիկ Միրիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի ընկերներ, հզոր ժողովուրդ, հայաստանցիներ և ուղղակի գործընկերներ։

Բոլոր ինձ ճանաչողները լավ գիտեն, որ ես ամբողջ կյանքս եղել եմ ապաքաղաքական մարդ, բայց վերջին օրերին ստանում եմ բազմաթիվ նամակներ

բժշկական հանրությունից՝ բուժաշխատողներից, գործընկերներից,նախկին ուսանողներիցս և պարզապես ընկերներից, ովքեր նույնպես մեծ տագնապով ու խորը մտահոգությամբ հետևում է ներկա գործընթացներին։

Ստանալով իրենց լիազորությունը՝ բարձրացնում եմ հետևալ հարցերը, ակնկալելով ստանալ մասնագիտական հստակ պատասխաներ։

Այսօր մեր պատմական հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններն ալեկոծում են բոլորիս սրտերը, միտքն ու գիտակցությունը։

Եթե շատերիս տուն պատերազմն եկավ սեպտեմբերի 27-ին, ապա մեր՝ բուժաշխատողներիս դուռն այն թակեց սույն թվականի մարտից ու չնայած որոշ գործիչների վիճահարույց հայտարարություններին, անհասկանալի որոշումներին և անտրամաբանական քայլերին, մենք,  բուժաշխատողներս 24 ժամ, շաբաթը 7 օր փրկում էինք մարդկանց կյանքերը և առողջությունը։ Առանց բողոքելու, հավելավճար պահանջելու, հաճախ առանց անձնական պաշտպանության պարագաների, անտեսելով սեփական անվտանգությունը։

Այդ յուրօրինակ պատերազմի ընթացքում, որը դեռ չի ավարտվել, մենք մշտապես լինելով և մնալով ապաքաղաքական, բացատրություններ չպահանջեցինք, համոզված լինելով, որ դրա ժամանակը չէ և պետք է հավատարիմ մնալ Հիպոկրատի երդմանը։

Հետո եղավ սեպտեմբերի 27-ը, մենք կիսեցինք մեր ուժերը երկու ճակատով՝ օգնելով վիրավորներին, բուժելով COVID-19 պացիենտներին։

Ինչպես առաջնագծի ծառայողները, այնպես էլ մենք, ամբողջությամբ նվիրվեցինք մեր գործին. Բժիշկ, թե բուժքույր, սանհրահանգիչ, թե վարորդ աշխատել են մեկ նպատակի համար՝ փրկել յուրաքանչյուր վիրավորի կյանքը։ Դրա մասին է խոսում բուժաշխատողների շրջանում առկա անդառնալի կորուստների ցավալի թիվը։

Եվ այսօր, մենք՛ ևս պահանջում ենք բացատրություն կատարվածի վերաբերյալ։ Մենք՛ ևս իրավունք ունենք իմանալ ճշմարտությունը, ստանալ մեզ հուզող հարցերի պատասխանները։

Ծառայել ենք…

Ծառայում ենք…

Ծառայելու ենք…

Հայաստանի Հանրապետությանը և Ազատ Անկախ Արցախի Հարապետությանը…

Հարգանքով…»: