Եթե պետք լինի, 1000 անգամ էլ ներողություն կխնդրենք, և բավականաչափ փող ու լկտիություն ունենք` ռուսական օդաչուների արյունը գնելու համար

Հայաստանի երկնքում ռուսական ռազմական Մի -24 ուղղաթիռը խոցելիս, ադրբեջանա-թուրքական դաշինքը բացարձակապես չի շփոթվել: Շատ լավ իմացել են, որ ուղղաթիռը ռուսական է և ուղեկցում է Հայաստանում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազայի ավտոշարասյանը:

Ադրբեջանի հավաստումները, թե կատարվածը սխալմունքի հետևանք է և այն ուղղված չէր ռուսական կողմի դեմ, ընդամենը լափշաներ են Ռուսաստանում և Հայաստանում միամիտների ականջներից կախելու համար: Ռուսաստանում և Հայաստանում զինվորական մասնագետներին, ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարությանը հրաշալի հայտնի է իրականությունը: Սակայն այդ նույն ղեկավարությունը, ներառյալ` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, նախընտրեց լռել, որովհետև հակառակ ընտրությունը լինելու էր համապատասխան հայտարարությամբ հանդես գալը և Ադրբեջանի առնվազն մեկ ուղղաթիռի կամ ինքնաթիռի ոչնչացումը, ինչը կարող էր հանգեցնել Ռուսաստանի և թուրք-ադրբեջանական դաշինքի բախման: Պաշտոնական Մոսկվան գրեթե ամեն կերպ խուսափել ու խուսափում է դրանից:

Այնուհանդերձ, հնարավոր է, որ Ռուսաստանը հանդես գար համապատասխան հայտարարությամբ ու պատժեր Ադրբեջանին, եթե Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հետ չստորագրեր հայտնի փաստաթուղթը: Այդ պարագայում ու դրանից հետո, երբ պատերազմն արգելակվում է, պարզ է, որ Ռուսաստանը չէր գնա ու չի գնա Ադրբեջանի հետ որևէ հակամարտության: Հենց դա էլ տեղի ունեցավ, Ռուսաստանը նախընտրեց կուլ տալ իրեն ուղղված հարվածը:

Ինչպես արդեն հայտնի է, նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը Նախիջևանի տարածքից, Նախիջևան- Հայաստան սահմանի մոտակայքում, Երասխ բնակավայրի մոտ դյուրակիր զենիթահրթիռային համալիրից արձակված հրթիռով խոցվել է ռուսական Մի -24 ուղղաթիռը, կորցրել կառավարումը և ընկել Հայաստանի տարածքում, անձնակազմի անդամներից երկուսը զոհվել են, մեկը ստացել միջին ծանրության վնասվածքներ ու տեղափոխվել հիվանդանոց:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բացատրել է, որ սխալը տեղի է ունեցել այն պատճառով, որ ուղղաթիռը թռչել է հայ-ադրբեջանական սահմանի մոտակայքում, ընդ որում, այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում շարունակվում էին ակտիվ ռազմական բախումները: Մյուս պատճառաբանությունն այն է, որ թռիչքն իրականացվել է մթության մեջ, ցածր բարձրության վրա և ՀՕՊ համակարգերի ռադարների հայտնաբերման գոտուց դուրս: Բացի այդ, ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, ռուսական ուղղաթիռներ նախկինում չեն տեսել այն տարածքում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը:

Ադրբեջանի արտգործնախարարությունում ասել են, թե տարածաշրջանում լարված իրավիճակի և «հայկական կողմի հնարավոր սադրանքների» հետ կապված մարտական ​​պատրաստվածության բարձրացման պատճառով մարտական ​​հաշվարկի հերթապահությունը որոշում է կայացրել կրակ բացել խոցելու համար:

Ադրբեջանը հայտարարել է, որ հայցում է Ռուսաստանի ներողամտությունը դժբախտ պատահարի բնույթ կրող այս ողբերգական միջադեպի կապակցությամբ, պատրաստակամություն հայտնել փոխհատուցում վճարելու, և հայտարարել, որ ուղղաթիռի խոցումն ուղղված չէր ռուսական կողմի դեմ: Ադրբեջանական կողմը նաև կեղծավորաբար ցավակցություն է հայտնել զոհված անձնակազմի անդամների ընտանիքներին ու հարազատներին:

Իսկ ո՞րն է իրականությունը…

Առաջին. Մի -24-ը խոցվել է ոչ թե Արցախի, այլ Հայաստանի օդային տարածքում, մարտական ​​գոտուց դուրս: Այս հանգամանքը նշված է նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ: Մեզ մնում է նշվածին հավելել, որ ռուսական ռազմական ուղղաթիռը խոցվել է ոչ միայն մարտական ​​գոտուց դուրս, այլև  դրանից բավական մեծ հեռավորության վրա:

Երկրորդ. եթե նույնիսկ արժանահավատ համարենք Ադրբեջանի ԱԳՆ պատճառաբանությունը, որ ուղղաթիռն այնքան ցածր բարձրության վրա է թռել, որ ՀՕՊ համակարգերի ռադարների հայտնաբերման գոտուց դուրս է եղել, ապա Նախիջևանում գտնվող Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի զինված ուժերի ռադիոհետախուզությանը ավտոշարասյան և բազայի հետ ուղղաթիռի անձնակազմի խոսակցությունից պարզ է եղել, որ այն ռուսական ուղղաթիռ է:

Երրորդ. ադրբեջանական և թուրքական բանակների հետախուզության աչքից չէր կարող վրիպել ռուսական հսկայական ավտոշարասյան շարժը, նրանք չէին կարող չիմանալ, որ դրանով ռուսական 102-րդ ռոզմաբազայի զինծառայողները գնում են դեպի Սյունիքի կողմ, և եթե ավտոշարասյան վերևում ուղղաթիռ կա, ապա այն ռուսական է, համենայն դեպս, չունի հարձակողական նպատակ, նպատակն ավտոշարասյանն ուղեկցելն է, այսինքն` պաշտպանական:

Չորրորդ. ուղղաթիռը, եթե իսկապես շատ ցածր բարձրության վրա է թռել, կարող էր Նախիջևանում տեղակայված ՀՕՊ համակարգերի ռադարների հայտնաբերման գոտուց դուրս լինել, սակայն այն չէր կարող դուրս լինել ու դուրս չի եղել Ադրբեջանի, Թուրքիայի, ինչպես նաև մեր թշնամիների հետ սերտորեն համագործակցող Մեծ Բրիտանիայի օդային և տիեզերական հետախուզության տեսադաշտից, որոնք օդային ու ցամաքային տարածքների մոնիտորինգն ու հետախուզությունն իրականացնում են վերևից: Ինչպես արդեն հայտնի է, Թուրքիայում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան և այժմ բրիտանական հետախուզության` MI6-ի տնօրեն Ռիչարդ Մուրը Թուրքիայի և Ադրբեջանի ջերմ բարեկամն է:

Ավելին. պատերազմի սանձազերծումից ի վեր, Թուրքիան հայ-թուրքական սահմանի մոտ թռչող «Ավաքս» համակարգով օժտված իր հետախուզական ինքնաթիռի միջոցով հաստատապես իմացել է և՛ ուղղաթիռի ռուսական լինելը, և՛ նրա թռիչքի նպատակը, սակայն այդուհանդերձ, որոշում է կայացվել այն խոցել` հասկացնելու համար, որ այդ կողմերում ռուսական զորախմբի հայտնվելը, մեղմ ասած, անցանկալի է իրենց համար:

Կիսելով Թուրքիայի փորձը (հիշենք Սիրիայում ռուսական ինքնաթիռին խփելուց հետո հաջորդած իրադարձությունները), այս անգամ էլ Ադրբեջանը վարվեց նույն կերպ, որը հակիրճ կարելի է բնորոշել այսպես. Մեր գործն առաջ տանելու համար, եթե պետք լինի, հազար անգամ էլ ներողություն կխնդրենք, և բավականաչափ փող ու լկտիություն ունենք` ռուսական օդաչուների արյունը գնելու համար:

Արթուր Հովհաննիսյան