Դու էլի գնում ես ճղճիմ ճանապարհով՝ «մեղավորներ» փնտրելով ու ձերբակալություններ անելով

Ասենք թե՝ այսօր ձերբակալեցիք, վաղն էլ ձերբակալեցիք, բոլորին ձերբակալեցիք… հետո՞: Հասկացանք, որ ռազմական դրության ռեժիմը դեռ պահում ես, բայց գոնե հասկանո՞ւմ ես, որ հրապարակում հավաքված մարդիկ քաղաքական պայքարի չեն դուրս եկել, այլ իրենց Հայրենիքի գոյությունն իմաստավորելու համար են հրապարակում: Խելացի մարդը պետք է ուրախ լիներ, որ նման քաղաքացիներ կան մեր երկրում:

Արցախի կեսն ու անվտանգության գոտին կորցնելուց հետո, դու ո՞նց ես պատկերցնում քո հետագա կառավարումը: Եթե նախկինում, տարբեր ներքաղաքական պատճառներով, հրապարակներում մարդիկ վանկարկում էին «Լևո՛ն հեռացի՛ր», «Քոչարյան հեռացիր», կամ «քայլ արա մերժիր Սերժին», այսօր ուղակի ամբողջ ոգով գոչում են՝ «Նիկո՛լ դավաճա՛ն»: Գոնե զգում ե՞ս տարբերությունը:

Դու պետք է գնայիր ավելի շուտ՝ քան պատերազմն էր, դու պետք է ընդհանրապես չգայիր իշխանության, քանի որ չունեիր, ու չունե՛ս երկիր ղեկավարելու կարողություն: Դու ապականել ես ամեն ինչ, թե՛ ներսում, և թե՛ արտաքին հարաբերություններում: Քո միակ հենարանը ֆեյսբուքյան ֆեյքերն ու ոստիկանության պատնեշն են:

Հպարտ Արցախից մնաց ընդամենը բզկտված ու ավիրված մի հողակտոր՝ այն էլ անհայտ ճակատագրով: Ու դու դեռ մտածում ես խղճուկ իշխանությունդ մի քանի օրով երկարացնելու մասի՞ն: Հանուն ինչի՞, որ ի՞նչ անես:

Հասկացի՛ր, հիմա իշխանության համար կռիվ անելու ժամանակը չէ: Փոխանակ հավաքես մարդկանց, կարող ուժերին ու իրավիճակից ելքեր փնտրես, Հայ Մարդու և Հայաստան աշխարհի հեղինակությունն ու ապագան փրկելու ներուժ հավաքես, դու էլի գնում ես ճղճիմ ճանապարհով. «մեղավորներ» փնտրելով ու ձերբակալություններ անելով:

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից