Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթում Արցախի կարգավիճակի մասին որևէ խոսք չկա, ավելին՝ կան վտանգավոր ձևակերպումներ. Արա Զոհրաբյան

Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը չի արտահայտում Հայաստանի և Արցախի ժողովուրդների շահերը, ինչպես նա բազմիցս խոստացել էր: Այս փաստաթուղթը ստորագրվեց գաղտնիության պայմաններում, եթե իրոք սա էր միակ ելքը, և այս փաստաթղթով պետք է  ազգի կործանումը կանխվեր, կարծում եմ՝ իրավունք ունեինք լսելու փաստարկները և մեր որոշումով գնալ այս քայլին:

Այս մասին Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

«Որևէ կուսակցության չեմ հարում, նախորդ իշխանություններին էլ եմ քննադատել, ներկայիս իշխանություններին էլ: Ես այստեղ եմ՝ չկիսելով որևէ կուսակցական գաղափար, ես այստեղ եմ, որովհետև լուրջ վտանգ եմ տեսնում: Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթում Արցախի կարգավիճակի մասին որևէ խոսք չկա, ավելին՝ կան վտանգավոր ձևակերպումներ»,-ասաց նա և ներկայացրեց այն կետերը, որոնք փաստաթղթում կան, ինչը ցույց է տալիս, որ Արցախի հարցը չի լուծվել, և ադրբեջանաթուրքական ագրեսիան չի կանխվել, իսկ պատերազմը ապագայում Հայաստան է գալու: