Ադրբեջանը հաղթեց Ղարաբաղում՝ դառնալով թուրքական նահանգ. Վիտալի Միլոնով

Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հաղթանակը «կասկածելի» է անվանել, քանի որ Թուրքիայի հետ կապի մեջ մտնելով՝ Բաքուն «իր ագրեսիվ հարևանից ուժգին կախվածության մեջ է ընկել»,- գրում է eadaily.com կայքը:

«Եթե ադրբեջանական բանակն ինքնուրույն պատերազմեր, հարյուր մետրից առաջ չէր գնա: Թուրքական բանակն ու միջազգային վարձկաններն են գրավել տարածքի մի մասը: Սակայն այն, ինչ գրավել են, Ադրբեջանին չի պատկանում»,- հայտարարել է Միլոնովը «Պատրիոտ» մեդիակենտրոնի եթերում:

Ռուս խորհրդարանականի խոսքով՝ Ադրբեջանը գուցեև տարածաշրջանի մի մաս գրավել է, սակայն այժմ դարձել է ոչ ինքնիշխան հանրապետություն, Թուրքիայի մի նահանգ:

Քաղաքական գործչի խոսքով՝ կարևորն այս պահին այն է, որ արյունահեղությունը դադարեցվել է:

«Ադրբեջանը շատ անգամներ է հրադադարի պայմանավորվածությունները խախտել, այդ պատճառով այժմ որոշել են, որ որքան հնարավոր է՝ շուտ կանգնեցնել հոսող արյունը, իրավիճակը ֆիքսել այնպես, ինչպես կա, քանի որ հակառակ դեպքում պատերազմը հավերժ կշարունակվեր, և նրանք կշարունակեին կյանքեր խորտակել»,- նշել է խորհրդարանականը:

Միլոնովը վստահ է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները կդադարեն այնտեղ ռուս խաղաղապահների մուտքից հետո: