Գիտակցված որոշում

Ինձ ճանաչողները գիտեն, որ քննադատել եմ, ինչպես ներկա իշխանություններին, այնպես էլ նախորդ իշխանություններին:

Որպես քաղաքացի՝ չեմ ցանկացել նախկին ռեժիմների վերակենդանացումը:

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ժամը 13:00-ին Ազատության հրապարակում մասնակցելու եմ հրավիրված հանրահավաքին, հետևյալ պատճառաբանությամբ.

1) Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված փաստաթուղթը չի արտահայտում Հայաստանի և Արցախի ժողովուրդների շահերը, ինչպես նախապես հրապարակային խոստացել էր Նիկոլ Փաշինյանը, բացի այդ ստորագրվել է գաղտնիության պայմաններում՝ առանց քննարկման,

2) Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված փաստաթղթում Արցախի կարգավիճակի մասին խոսք չկա, Սյունիքի մարզում Ադրբեջանի և Նախիջևանի համար ճանապարհ ստեղծելու պարտավորություն է նախատեսվել, և բացի այդ Նիկոլ Փաշինյանն ընդունել է, որ Աղդամը, Քելբաջարը, Լաչինը Հայաստանն է պահում, դրանով իսկ Ադրբեջանի համար իրավական հիմքեր ստեղծելով Հայաստանի դեմ վնասների պահանջ ներկայացնելու և Հայաստանին, որպես ագրեսոր ներկայացնելու համար,

3) Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը չի լուծում Արցախի հիմնախնդիրը, չի կանխում ադրբեջանաթուրքական ագրեսիան և նրանց ծրագրերը, ինչպես նաև մեծ ռիսկեր է պարունակում նաև Հայաստանի համար՝ հետագայում պատերազմը Հայաստան տեղափոխելու ռիսկով,

4) Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված փաստաթուղթը չի գործի միայն նրա հրաժարականի դեպքում, քանի որ բովանդակային իմաստով պարունակում է միջազգային պայմանագրի դրույթներ, և պետք է ուժի մեջ մտներ միայն Ազգային ժողովի վավերացման դեպքում, իսկ ձևական առումով, քանի որ ներկայացվում է, որպես հայտարարություն, ապա Հայաստանի և Արցախի համար որևէ պարտավորություն չի կարող առաջացնել,

5) Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հետաձգումը յուրաքանչյուր օր ավելի է բարդացնում մեր փաստացի դիրքերը Արցախում:

Հ.Գ. 1. Չեմ կիսում հանրահավաք կազմակերպած կուսակցությունների գաղափարները և նրանց կուսակցական շահերի հետ առնչություն չունեմ:

Հ.Գ. 2. Հանրահավաքի մասնակիցներին կոչ եմ անում բռնություններից, կամ այլ անօրինական գործողություններից հեռու մնալ և պահպանել մեր միասնականության ոգին:

Հ.Գ. 3. Իրավապահներին հիշեցնում եմ, որ երբ դուք Հանրային ռադիոյի շենք ներխուժած քաղաքացիների արարքին իրավական գնահատական չտվեցիք, ըստ էության համարելով, որ արդար նպատակ են ունեցել, ապա ի գիտություն ընդունեք, որ այս հանրահավաքի մասնակիցները նույնպես արդար նպատակ ունեն:

Հայաստանի Հանրապետության քաղաքացի Արա Զոհրաբյան

Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից