«Համաձայնագրից Հայաստանի դուրս գալն աղետ է և ինքնասպանություն». «Կոմերսանտը»՝ ԼՂ շուրջ պայմանավորվածությունների մասին

Ռուսական Коммерсантъ պարբերականը հրապարակել է վերլուծաբան Մաքսիմ Յուսինի հոդվածը, որում հեղինակը փորձել է հասկանալ՝ ինչի կարող է հանգեցնել Հայաստանի՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված համաձայնագրից դուրս գալը:

Հոդվածում նշվում է, որ Հայաստանում ցուցարարներն ու ընդդիմությունը պահանջում են հրաժարվել նախորդ գիշեր հայտարարված համաձայնագրից: Իր հերթին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Հայաստանի և Ղարաբաղի ղեկավարներից պահանջել է «ընդունված որոշման մանրակրկիտ և համապարփակ բացատրություններ ներկայացնել»:

«Այս դեպքում ճիշտը հենց կաթողիկոսն է: Իրավացի չեն ոչ ընդդիմությունը, ոչ էլ հույզերով առաջնորդվող ամբոխը: Համաձայնագրից Հայաստանի դուրս գալն աղետ է և ինքնասպանություն: Պետք է ժողովրդին ճշմարտությունն ասել, ինչն էլ, թեկուզ ուշացումով, փորձեց անել Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա խոստովանեց, որ Շուշին մասնակիորեն կորցրել էին նոյեմբերի 5-ին, իսկ ամբողջապես` նոյեմբերի 7-ին: Չնայած դրան, այս ամբողջ ընթացքում իշխանություններն ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ Երևանում փորձում էին համոզել հայրենակիցներին, որ ամեն ինչ հսկողության տակ է, որ Շուշիի համար մարտը հաղթել են կամ շուտով կհաղթեն: Այսինքն հայերն ապրում էին պատրանքների աշխարհում: Այս հարմար վիճակից դուրս գալը ցավալի է, բայց անհրաժեշտ: Պետք է ճշմարտությունն ասել սեփական անձին: Իսկ իրականությունն այն է, որ Շուշիի կորստից հետո պատերազմն պարտված է:

Իրականությունն այն է, որ երկիրը պատրաստ չէր պատերազմի: Չնայած բոլորն էլ գիտեին, որ այն անխուսափելի է: 1994 թվականից սկսած՝ հաղթանակած հայկական բանակը ջախջախված ադրբեջանականից մի ամբողջ սերունդ հետ մնաց: Ո՞վ է մեղավոր: Իշխանություններն ու դրանց վրա ճնշում գործադրող հասարակության՝ իրականությունից կտրված մասը»,- գրում է վերլուծաբանը՝ հավելելով, որ հայկական կողմը չէր նախապատրաստվել պատերազմի, սխալ էր գնահատել իրավիճակը, մնացել էր իրականությունից կտրված տրամադրությունների տիրույթում, ժամանակակին չէր համաձայնել միանգամայն խելամիտ փոխզիջումների»,-գրում է Յուսինը:

Ըստ հոդվածագրի՝ այն ժամանակ հնարավոր էր խաղաղության հասնել շատ ավելի շահեկան պայմանների հիման վրա, իսկ հիմա դրանք, ցավոք, այն են, ինչ կան:

«Իշխանությունները շոկի մատնված հասարակությանը նախապատրաստելու համար, ինչպես ասում էր կաթողիկոսը, պետք է հիմնավոր և սպառիչ բացատրություններ տան: Ժողովրդին երկնքից երկիր վերադարձնեն, չկերակրեն հեքիաթներով, իրավիճակը նկարագրեն այնպես, ինչպես որ այն կա: Բացատրեն, օրինակ, որ Ղարաբաղի բնակչությանը սպանդից փրկելու միակ միջոցը տարածաշրջան ռուս խաղաղապահների տեղակայումն է: Հակառակ դեպքում Ստեփանակերտը կգրավվեր արդեն առաջիկա օրերին: Պարտություն կրելը ցավոտ է, հատկապես երբ սովոր ես հաղթանակի: Բայց ավելի ցավոտ կլինի կորցնել երկիրը, եթե տեղի տան հույզերին ու պոպուլիստ քաղաքական գործիչներին, որոնք խաղում են այդ հույզերի վրա: Ժամանակն է, որ Հայաստանն ուշքի գա և սկսի ապրել նոր, դաժան իրականությունում»,-եզրափակել է վերլուծաբանը: