Մենք պետք է կարողանանք պահպանել պետության և ղեկավարման համակարգի ստաբիլությունը. Արկադի Տեր-Թադևոսյան

Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը հանրային վստահություն վայելող մտավորականությանը, հասարակական, քաղաքական գործիչներին կոչ է արել միավորվել և ստեղծել Քաղաքացիական խորհուրդ՝ ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու ճանապարհներ գտնելու համար:

«Մենք պետք է կարողանանք պահպանել պետության և ղեկավարման համակարգի ստաբիլությունը: Մենք իրավունք չունենք տրվել էմոցիաներին և թույլ տալ արարքներ, որոնք ավելի կբարդացնեն ներկա իրավիճակը: Ես տեսնում եմ մեր հասարակության բոլոր առողջ ուժերի՝ հայ մտավորականության, հասարակական, քաղաքական գործիչների համախմբման հնարավորություն՝  ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու ճիշտ որոշում գտնելու նպատակով: Բոլորդ լավ գիտեք՝ ես հասարակ սպա եմ, ով ազնվորեն տվել է իր պարտքը ճակատում և շարունակում է ծառայել հայրենիքին: Ես ոչ մի քաղաքական կամ այլ նպատակներ չեմ հետապնդում»,- ասել է Կոմանդոսը:

Նա ընդգծել է, որ իր վրա կվերցնի խորհրդի աշխատանքների համակարգումը: Հարցին, թե արդյոք ստեղծված իրավիճակում կայացված որոշումը միակ տարբերա՞կն էր, Արկադի Տեր-Թադևոսյանը պատասխանել է.

«Այսօր ինձ զանգում-հարցնում են՝ ինչի՞ սենց եղավ: Ես չեմ ուզում իմ կարծիքը հայտնել, ես ուզում եմ՝ բոլորով հավաքվենք, մեր կարծիքն ասենք: Ես չեմ ուզում դժվարություն ստեղծել այս իրավիճակում, դուք հիմա լավ գիտեք մեր վիճակը։ Այսօր էլի ոչինչ, վաղն այնտեղից իմ ազատամարտիկները կգան, մեկը վիրավոր է, մեկի ընկերն է մահացել, դուք գիտեք, և այստեղ այն կլինի, որ մենք չենք կարողանա ղեկավարել իրենց։ Եվ ցավն այն է, որ իրենք ճիշտ են, ճիշտ քայլեր կանեն, բայց հետևից ընենց մարդիկ կկանգնեն, որ հետո կասեն՝ սրան ընտրեք, նրան ընտրեք։ Այդ կեղտը դուրս կգա, ավելի վատ իրավիճակի մեջ կընկնենք։ Հիմա մենք պետք է հավաքվենք, իրար հետ որոշենք՝ ոնց անենք, ոնց օգնենք, որ նորմալ լինի: Էսօր մեկի կարծիքը կարդացի, շատ վատ զգացի, մի գեներալ կա, ձայն չէր հանում, էսօր գրել է՝ հլը ուշ չի: Շատ ցավալի հարց է»,- ասել է Տեր-Թադևոսյանը:

Հարցին, թե Հայաստանի ղեկավարությունը որոշում կայացնելուց առաջ խորհրդակցե՞լ է Շուշին ազատագրողների հետ, տեղեկացրե՞լ է նրանց, թե ինչ որոշում են կայացրել, Կոմանդոսը պատասխանեց՝ ո՛չ:

«Ոչ մի անգամ, ինձ չեն տեղեկացրել: Առաջին օրից մինչև հիմա մենք մեծ թիմով աշխատել ենք այստեղ, որ բանակի կողքին կանգնենք: Կուսակցություններ կային, որ զինվոր էին ուղարկում սահման, մենք չենք հարցրել՝ ի՞նչ կուսակցություն է, ի՞նչ է, հետները դասընթացներ ենք անցկացրել, քաղաքականության մեջ չենք մտել, չեմ էլ ուզում մտնել»,- ասաց նա:

Անդրադառնալով ադրբեջանաթուրքական բանակի կողմից Շուշիի գրավմանը՝ Արկադի Տեր-Թադևոսյանն ասաց, որ այդտեղ մեծ ուժեր էին կենտրոնացված:

«Այնտեղ ղեկավարում էր մեր Սեյրան Օհանյանը, գիտեք՝ Շուշիի ազատագրմանը մասնակցել է։ Բայց մի ուժ ստեղծվեց, քիչ էին՝ ադրբեջանցիները, Թուրքիան, սիրիացիները, էլի զորք բերեց իրենց պաշտպանության նախարարը: Իրենք պետք է ամսի 9-ին վերցնեին։ Ես չեմ կարող ասել, թե հարաբերակցությունը մեկը 10-ի՞ էր, թե ի՞նչ էր, դժվար է ասել»,- ասաց Կոմանդոսը: