Ալիև, բազմաթիվ լրագրողներ կան, որոնք կհաստատեն` դուք ստում եք. «Bild»- ի թղթակից

Գերմանական հեղինակավոր «Bild» պարբերականի լրագրող Փոլ Ռոնժեյմերն արձագանքել է Ալիևի այն հայտարարությանը, թե իբր Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը թիրախավորելու մասին լրագրողների հրապարակումներն ապատեղեկատվություն են:  Ռոնժեյմերը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում շեշտել է, որ Ալիևը ստում է:

«Bild»-ի լրագրողը կիսվել է BBC-ի թղթակից Օրլա Գուերինի գրառմամբ, որտեղ վերջինը մեջբերում է իր հետ հարցազրույցում Ալիևի այն խոսքերը, թե BBC-ի թղթակցի՝ սեփական աչքով տեսածը «ֆեյք նյուզ է»: Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակիչներին թիրախավորելու փաստերը «ֆեյք» անվանելու Ալիևի խոսքերը քննադատության ալիք են առաջացրել Արցախում կատարվածն իրենց աչքով տեսած միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների շրջանում: Սոցիալական ցանցերը հեղեղված են Ալիևին խայտառակող գրառումներով:

«Ոչ միայն BBC-ն գիտի, որ նախագահը ևս մեկ անգամ ստում է: Մենք այնտեղ ենք եղել երկու շաբաթ շարունակ, տեսել ենք, թե ինչպես են գրեթե ամեն օր ու ամեն գիշեր թիրախավորվում քաղաքացիական բնակավայրերը: Իլհամ Ալիև, բազմաթիվ լրագրողներ կան, որոնք կհաստատեն` դուք ստում եք»,- գրել է Փոլ Ռոնժեյմերը: