«Միջազգային ահաբեկչության օջախը Սիրիայում փաստորեն ոչնչացվել է». Պուտին

Սիրիայում կարգավորման աշխատանքը, որը Ռուսաստանի կողմից անցկացվում է Իրանի և Թուրքիայի հետ համատեղ, ցույց է տալիս իր արդյունավետությունը. միջազգային ահաբեկչության օջախն այնտեղ փաստորեն ոչնչացվել է: Այդ մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ նոյեմբերի 9-ին կայացած հանդիպմանը, որն անցել է տեսախորհրդաժողովի ռեժիմով, տեղեկացնում է «Արմենպրես»ը:

Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է ակտիվ ջանքեր ներդնել «Սիրիայի Հանրապետությունում երկարաժամկետ կարգավորմանը, նրա ինքնիշխանության վերականգնմանը, անկախությանը, միասնությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու ուղղությամբ»:

«Այդ առնչությամբ չի կարելի չնշել նաև այն աշխատանքի արդյունավետությունը, որն անցկացվել է Աստանայի համաժողովի շրջանակներում՝ Իրանից և Թուրքիայից մեր գործընկերների մասնակցությամբ: Համատեղ ջանքերով մեզ հաջողվել է շատ բանի հասնել. միջազգային ահաբեկչության օջախը Սիրիայում փաստորեն ոչնչացվել է»,-նշել է Ռուսաստանի ղեկավարը:

Բացի այդ, Պուտինի խոսքով, Սիրիայում նկատելիորեն նվազել է բռնության մակարդակը, կարգավորվում է խաղաղ կյանքը, իրականացվում է բացառիկ քաղաքական գործընթաց՝ Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո»: