Ծաղրի ու կեղծիքի չորս րոպե. Ալիևը BBC-ի եթերում խայտառակում է իրեն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այլևս բաց չի թողնում որևէ հնարավորություն՝ իրեն հեղինակազրկելու համար: Այս անգամ նա ծաղրի է ենթարկվել BBC-ի եթերում՝ չխորշելով կեղծիք տարածել միջազգային լրատվամիջոցների եթերում:

Նա սկսել է ապատեղեկատվություն որակել ոչ միայն հայկական կողմի փաստերը, այլև հեղինակավոր BBC-ի՝ Ստեփանակերտում աշխատող թղթակցի և Human Rights Watch կազմակերպության մանրամասն փաստագրված վկայություններն այն մասին, որ ադրբեջանական կողմը կասետային և այլ տեսակի զինատեսակներով թիրախավորում է Արցախի խաղաղ բնակչությանը: «Արմենպրեսի» տեղեկացմամբ, Ալիևը BBC-ի թղթակցի խոսքերն ապատեղեկատվություն է որակել հենց նույն լրատվամիջոցի հետ հարցազրույցում:

Լրագրողի այն դիտարկմանը, որ Ստեփանակերտում աշխատող BBC-ի թղթակիցն արձանագրել է, որ տեղի խաղաղ բնակչությունը թիրախավորվել է, թիրախավորվել են քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները, Ալիևը նշել է, որ կասկածում է այդ վկայությանը:

«Ես կասկածում եմ այդ վկայությանը: Դա կարող է լինել կեղծ տեղեկատվություն»,- նշել է Ալիևը:

Հաջորդ դիտարկմանը, թե ադրբեջանական կողմը Արցախի բնակչության նկատմամբ կիրառել է կասետային զինատեսակներ, ինչի վերաբերյալ կան վկայություններ, լուսանկարներ, տեսանյութեր, ինչպես նաև այդ բոլորը մանրամասն փաստագրված է Human Rights Wathc-ի կողմից, Ադրբեջանի նախագահը դարձյալ նշել է, որ այդ բոլորը կեղծ է.

– Մենք չենք օգտագործել դրանք, դա մեկ այլ կեղծ տեղեկատվություն է:

– Ամեն ինչ կեղծ տեղեկատվությո՞ւն է:

– Այո, ինչո՞ւ` ոչ…

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադառնալով Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորմանը, նշել է, որ դա կարող է լինել իրենց հրետանու սխալը, իսկ լրագրողի դիտարկմանը, թե արդյոք հնարավոր է սխալվել մեկ օրվա մեջ երկու անգամ, Ալիևը նշել է՝ այո: