Արցախի ժողովրդական հավատալիքները

Բնության պաշտամունքը հատուկ է արցախցիներին: Այս տեսանկյունից բնորոշ է Քիրս լեռան պաշտամունքը, որի շուրջ ավանդություններ են հյուսվել: Մարդիկ ծնկաչոք աղոթել են Քիրս լեռանը, որի վրա բազմաթիվ ուխտատեղիներ են եղել: Ժայռերի պաշտամունքի վկայություններից է Սղնախ գյուղի պաշտվող Պուկ քար կոչվող ժայռը, որը պոկվել, կանգ է առել այդտեղ և ոչ ոքի չի վնասել: Ամուլ կանայք նրա շուրջը թել էին փաթաթում, որից հետո գուլպա էին գործում և հագնում, որպեսզի երեխա ունենային: Կովերին տանում, պտտեցնում էին այդ ժայռի շուրջը, որպեսզի առատ կաթ տային: Պաշտում էին նաև այն ժայռը, որից պոկվել էր քարը: Երաշտի ժամանակ նրա մոտ մոմեր էին վառում, աղոթում, որպեսզի անձրև գար և կարկուտը չվնասեր:

Սխտորաշեն գյուղի մոտ ևս մի նշանավոր ժայռ կա, նրա առջևում՝ չորս սուրբ ծառեր, որոնց մոտ մարդիկ ուխտի են գալիս, մոմեր վառում, աղոթում, մի փոքրիկ քար վերցնում սուրբ ժայռի մոտից և մեկ ուրիշ քար դնում դրա փոխարեն: Քարերին վերագրվում էր հիվանդություններ բուժելու հատկություն: Այսպես՝ սուրբ Սարիբեկի ուխտատեղիից բարձր գտնվող ժայռը, որն ունի անցք՚ հազ է բուժում: Նախապես մոմեր են վառում ժայռի առաջ, այնուհետև, 3 կամ 7 ամգամ անցնում են անցքի միջով, որպեսզի բուժվեն: Շուշիում կար քամու խաչ կոչվող քարերի կույտ, որը բուժում էր ռևմատիզմը: Նման գործառույթ ուներ Դռնավարզ գյուղի պաշտվող քամու խաչ կոչվող ժայռը:

Հավատալիքներում կրակի ու քարի կապի մասին է վկայում կայծքարը, որի մեջ կայծակի հարվածի հետևանքով կրակ է մնացել և այն կարելի է քարին խփելով հանել: Կրակի պաշտամունքն արտահայտվում է կրակով երդվելով: Կրակը հանգցնելուն ասում են «կրակն օրհնել», հանգցնելուց առաջ ասում են «Հիսուս Քրիստոս»: Կրակը չեն ծեծում, վրան չեն թքում: Երեկոյան լողանալիս մի կտոր կրակ (ածուխ) էին գցում ջրի մեջ, որպեսզի չարքերը փախչեին, քանի որ կրակը չարահալած է: Կրակի պաշտամունքի հետ են կապված այն օջախները, որոնք սրբատեղիներ են համարվում և պսակադրությունը երբեմն նրանց վրա է կատարվել: Երբ տվյալ գյուղում եկեղեցի չի եղել, նույնիսկ եկեղեցի լինելու դեպքում էլ՚ պսակադրությունից հետո դհոլ զուռնայի ուղեկցությամբ գնացել են, համբուրել գյուղի հիմնադիրների սարքած սրբազան օջախները, հետո միայն գնացել են տուն: Ընդհանրապես կիրակի և տոն օրերին ևս այցելում էին այդ օջախները, մոմ և խունկ էին վառում (օրինակ՚ Չանախչի գյուղում հայտնի էր Մելիք Շահնազարենց օջախը, Ճարտարում՝ Խոջանց, Միրզաբեկանց և Տողցունց օջախները, Ծովատեղ գյուղում՚ Մելիք Փարսադանյանների օջախը):

Թոնիրը սուրբ էր համարվում, քանի որ այն պատրաստելիս քահանան օրհնում և մեռոն էր քսում մի քանի տեղ: Կրակի և ծառերի հնագույն պաշտամունքի հարատևության վկայություններից է Տեարնընդառաջի տոնի երեկոյան կատարվող ծեսը. նախ նշանված երիտասարդները ցրտնի (ցրդենի, ցրդի) ծառի ճյուղեր էին բերում, եկեղեցու գավթում շարում, եկեղեցու ջահից բերած մոմով վառում և ծխի ուղղությունով գուշակություններ էին անում: Նորահարսին, ինչպես նաև նորածին երեխաներին երեք անգամ պտտեցնում էին խարույկի շուջը, իսկ երիտասարդները կրակի վրայով թռչում էին, այնուհետև, շուրջպար բռնում:

ՀՀ ԿԳՄՍՆ