Բաքվի սուլթանի գռմռոցը կվերածվի կաղկանձի

Ալիևը գռմռալով Ռուսաստանի վրա, փորձում է կանխել Ադրբեջանում և Արցախում միջազգային ահաբեկիչների մեծաթիվ առկայության վերաբերյալ ՌԴ-ի կողմից նոր հայտարարությունների ու փաստերի հրապարակումը, որոնք այս անգամ կարող են մերկացնել ահաբեկիչների հետ Ադրբեջանի հանցավոր գործակցությունը: Սակայն համապատասխան հետևություններ կատարելու փոխարեն, կոշտ կերպով հակադարձելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին ու Ռուսաստանին, Ալիևն ակամա խթանում է հենց դա:

Ավելին. Բաքվի սուլթանի հիշյալ գռմռոցը կվերածվի կաղկանձի անմիջապես այն բանից հետո, եթե մեր տարածաշրջանում միջազգային ահաբեկիչների կուտակման հետևանքով իր ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի աճն այլևս անթույլատրելի համարելով, Ռուսաստանը հարվածներ հասցնի նրանց Արցախի, միգուցե նաև հենց Ադրբեջանի տարածքում:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան որոշման բացակայությունը (մենք ստույգ գիտենք, որ դրա ընդունումը վերջերս տապալել և առաջիկայում էլ, եթե ընդունման փորձ կատարվի, տապալելու է Մեծ Բրիտանիան) այս դեպքում Ռուսաստանի համար, կարծում ենք խոչընդոտ չի լինի: Չէ՞ որ ԱՄՆ-ը պատճառաբանելով, որ Սիրիայում գտնվող ահաբեկիչները սպառնում են իր և իր դաշնակիցների անվտանգությանը, առանց Սիրիայի իշխանությունների համաձայնությունը կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումն ունենալու, ոչ միայն տարիներ շարունակ հրթիռա-ռմբային հարվածներ հասցրեց Սիրիայի տարածքում գտնվող թիրախներին (այդ թվում` Սիրիայի բնակավայրերին, քաղաքացիական բնակչությանը և բանակին), այլև իր բանակի տարբեր ստորաբաժանումներով մտավ ու հաստատվեց այնտեղ, այժմ արդեն 10-րդ ռազմաբազան է կառուցում Սիրիայում:

Ինչպես հայտնի է, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Կոմերսանտ» պարբերականին տված գրավոր հարցազրույցում (հրապարակվել է նոյեմբերի 3-ին) ոչ միայն նշել է, որ Վլադիմիր Պուտինը Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է Արցախում կռվող ահաբեկիչների խնդիրը, այլև բառացի ասել հետևյալը.

«Մենք, իհարկե, մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջազգայնացմամբ և Մերձավոր Արևելքից զինյալների ներգրավմամբ: Մենք բազմիցս կոչ ենք արել արտաքին խաղացողներին օգտագործել իրենց կարողությունները` ճնշելու համար վարձկանների տեղափոխումը, որոնց թիվը հակամարտության գոտում, ըստ առկա տվյալների, արդեն մոտենում է 2000-ի»:

ՌԴ արտգործնախարարն ասել է նաև, որ «Զինյալների թեման Վլադիմիր Պուտինը բարձրացրել է հոկտեմբերի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ կանոնավոր շփումներում»:

«ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկացմամբ, միայն  հոկտեմբերի 16-ին ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի։

Ադրբեջանի նախագահը անհիմն է որակել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի երկու օր առաջ հնչեցրած հայտարարությունը, թե ղարաբաղյան հակամարտության գոտում վարձկանների թիվը մոտենում է երկու հազարի՝ Իսպանական EFE լրատվական գործակալության հետ զրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատասխանելով թղթակցի «Սերգեյ Լավրովը երեկ ասաց, որ Լեռնային Ղարաբաղում կռվում են մոտ երկու հազար վարձկաններ, ի՞նչ կասեք այս կապակցությամբ» հարցին, ասել է.

«Բազմիցս պատասխանել եմ այդ մեղադրանքներին, անհիմն մեղադրանքներին։ Եթե անկեղծ խոսենք, ցավում եմ, որ այն երկրների բարձրաստիճան ներկայացուցիչները, որոնք պետք է չեզոք լինեն, գործեն ԵԱՀԿ կողմից իրենց տված մանդատի հիման վրա, օգտվում են չհաստատված «տեղեկություններից» և ասեկոսեներից»:

Ալիևն այսպիսով անտեսել է ավելի վաղ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների և Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչների հայտարարությունները Սիրիայից և այլ պետություններից Ադրբեջան զինյալների տեղափոխման և Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմում նրանց մասնակցության մասին։ Անտեսել է նաև հայկական կողմի գերեվարած և այդ պահին արդեն իսկ հրապարակված վարձկանների վերաբերյալ տեսանյութերը, նրանց հարցաքննական խոստովանությունները, որ հավաքագրվել են Սիրիայում և Թուրքիայի միջոցով տեղափոխվել Ադրբեջան՝ Ղարաբաղում կռվելու նպատակով։

Ալիևը փորձելով սուտը ներկայացնել իրականություն և այն կրկնելով, ասել է նաև. «Մեզ մոտ վարձկաններ չկան։ Բազմիցս ասել եմ այդ մասին։ Բանակ ունեք, որը կազմված է հարյուր հազար մարտիկներից, և եթե համընդհանուր զորահավաք հայտարարենք, կկարողանանք մի քանի անգամ շատ (զորք) հավաքել։ Սակայն, ի տարբերություն Հայաստանի, չենք անում։ Որևէ ապացույց չկա, որ մեր կողմից մարտնչում է ինչ-որ մի օտարերկրացի մարտիկ։ Ավելի քան մեկ ամիս է, ինչ մեզ որևէ ապացույց, փաստաթուղթ, փաստարկ չի ներկայացվել։ Միայն հայտարարություններ են։ Ուստի, ինչո՞ւ նրանք չեն տեսնում հայկական կողմում կատարվողը, որքան վարձկաններ են կռվում իրենց կողմից։ Ինչո՞ւ մեզ մեղադրող Ռուսաստանը, Ֆրանսիան ոչինչ չասացին այդ մասին։ Սա ընտրովի մոտեցում է, որը չի կարող ընդունելի լինել մեզ համար, չի համապատասխանում համանախագահների մանդատներին։ Բազմիցս ասել եմ՝ միջնորդները պետք է լինեն չեզոք։ Եթե նրանք կանգնում են ինչ-որ մեկի կողքը, իրենց գործն է, սակայն այդ դեպքում պետք է թողնեն միջնորդությունը»։

Ադրբեջանի նախագահը հայտարարել է նաև, թե Ռուսաստանը ռազմական աջակցություն է ցուցաբերում Հայաստանին` այն դեպքում, երբ հենց Ադրբեջանն է Թուրքիայից ստանում ռազմական աջակցություն, ավելին` Թուրքիայի զինված ուժերի հարյուրավոր ներկայացուցիչներ անմիջականորեն ընդգրկված են պատերազմում: Ինչ վերաբերվում է ՀՀ-ին Ռուսաստանի ռազմական աջակցությանը, ապա հիշենք, որ Հայաստանը ՌԴ-ի հետ 2017թ. կնքել է 100 մլն դոլարի զենք-զինամթերքի, ռազմական նշանակության ապրանքների ձեռքբերման վարկային պայմանագիր, որով նախատեսված մատակարարումներն առաջիկայում էլ դեռ շարունակվելու են:

Իր լկտի ստերով, կեղծիքներով հայտնի Ալիև քաղաքական պոռնկի հիշյալ հայտարարությունները Ռուսաստանը, ինչպես և սպասվում էր, չէր կարող անարձագանք թողնել: Առաջինն արձագանքել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ստացվող տեղեկությունների համաձայն՝ այս պահին իրականացվում է Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անդամների տեղափոխում, որոնց ձեռքերը թաթախված են արյան մեջ: Խոսքն արմատական տրամադրվածություն ունեցող վարձկանների մասին է, նրանք դավանում են ջիհադիստական գաղափարախոսություն: Այս ամենը չի կարող մեզ մոտ լուրջ անհանգստություն չառաջացնել, քանի որ հեռանկարում իրադարձությունների այսպիսի զարգացումը հղի է ահաբեկչական նոր անկլավի ձևավորմամբ՝ այս անգամ արդեն Անդրկովկասում»,- նոյեմբերի 5-ին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ Ռուսաստանն այս մասին բաց հայտարարել է անմիջապես այն բանից հետո, երբ ունեցել են համապատասխան տվյալներ: Այնուհետև, հաջորդ օրը հայտարարությամբ հանդես եկան Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից: Ըստ ՏԱՍՍ պետական լրատվական գործակալության, Ռուսաստանի արտգործնախարարության իր աղբյուրը հայտարարել է.

«Անկեղծ ասած, մեզ այնքան էլ հասկանալի չէ հարգելի Իլհամ Հեյդարովիչ Ալիևի հուզական արձագանքը Սերգեյ Վիկտորովիչ Լավրովի մեկնաբանությանը: Միգուցե Ադրբեջանի նախագահի օգնականները նրան ցույց են տվել ուրիշի նյութեր կամ ներկայացրել են իրենց սեփական մեկնաբանությունը»:

ՌԴ ԱԳՆ-ից ՏԱՍՍ-ին ասել են նաև. «Ինչպես տեսնում եք, մեկնաբանություններում նախատինք չկա ոչ Ադրբեջանի, ոչ էլ որևէ այլ երկրի հասցեին: Խոսքը մեր ծայրահեղ մտահոգության մասին է՝ կապված վարձկան գրոհայինների մուտքի հետ Անդրկովկասի տարածաշրջան, որի անմիջական հարևանն է Ռուսաստանի Դաշնությունը: Այս կապակցությամբ կխնդրեինք մեր ադրբեջանցի ընկերներին ավելի ուշադիր լինել սկզբնաղբյուրներին ծանոթանալիս»:

Գործակալության զրուցակիցը նշել է, որ Ռուսաստանը մերձավոր երկրների համար շատ զգայուն հակամարտությունում միջնորդի իր դերին միշտ առավելագույն զգուշությամբ է մոտեցել:

«Նախագահ Ալիևը բազմիցս ինքն է հայտարարել այդ մասին,- շարունակել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը:- Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը: Միևնույն ժամանակ, մենք մնում ենք համոզված, որ վարձկան գրոհայինների ներթափանցումը Անդրկովկաս սպառնում է տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի և Ռուսաստանի կայունությանը և անվտանգությանը»:

«ՌԻԱ Նովոստի»-ին նույն օրը տված հարցազրույցում ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինն ասել է, որ ԱՀԾ-ն «ճշգրիտ տեղեկություններ ուներ մարտական գոտում ահաբեկիչների ներկայության մասին, այդ թվում` Մերձավոր Արևելքից և, առաջին հերթին, Սիրիայից»: ԱՀԾ տնօրենը մանրամասնել էր` «Այս տվյալները մենք ստանում ենք մի շարք երկրներից, տարբեր աղբյուրներից և մեր տարբեր գործընկերներից, գործընկեր ծառայություններից Մերձավոր Արևելքում, Միջին Արևելքում»:

Նարիշկինն այսպիսով հերքել է Ալիևի հիշյալ հերքումը և հաստատել հակամարտության գոտում վարձկանների, ահաբեկիչների առկայության վերաբերյալ ինչպես ՌԴ արտգործնախարարի, այնպես էլ մեկ ամիս առաջվա` դեռ հոկտեմբերի 6-ի իր այն հայտարարությունը, որ Մերձավոր Արևելքում գործող ահաբեկչական կազմակերպությունների մի քանի հազար ծայրահեղականներ տեղափոխվել են ղարաբաղյան հակամարտության գոտի:  ՌԴ ԱՀԾ տնօրենն այն ժամանակ նաև հավելել էր, որ Թուրքիան առաջին անգամ այդպես բացահայտ հանդես է գալիս Ադրբեջանի կողմից։

«ՌԻԱ Նովոստի»-ին նոյեմբերի 6-ին տված հարցազրույցում Սերգեյ Նարիշկինն ասել է նաև. «Թուրքական հետախուզական ծառայության աշխատանքը մենք զգում ենք, տեսնում ենք այդ աշխատանքի առանձին տարրեր»:

Ակնհայտ է, որ ռուս-ադրբեջանական և ռուս-թուրքական հարաբերություններում, այսպես ասած, «տոնայնությունը» երկուստեք սկսել է փոխվել, ինչը հուշում է, որ հետագա հայտարարությունները նախորդների համեմատ կարող են խիստ լինել:

Արթուր Հովհաննիսյան