Վրաստանում պարետային ժամ կսահմանվի

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճի հետևանքով իշխանությունները կրկին սահմանափակումներ կիրառելու որոշում են կայացրել. վրացական խոշոր քաղաքներում կորոնավիրուսի տարածման և կանխարգելման նպատակով պարետային ժամ կսահմանվի։

Այս մասին հաղորդել է  sputnik-georgia.ru-ն:
Նշվում է, որ պարետային ժամը գործելու է ժամը 22.00-ից առավոտյան 05.00-ը։ Որոշումը ուժի մեջ կմտնի նոյեմբերի 9-ին, այն վերաբերում է Վրաստանի յոթ խոշոր քաղաքներին:

«Երկուշաբթիից Թբիլիսի, Քութաիս, Զուգդիդ, Բաթում, Ռուսթավ, Գորի և Փոթի քաղաքներում ժամը  22:00-05:00 կսահմանափակվի հետիոտների, տրանսպորտային միջոցների և սեփական ավտոմեքենաների տեղաշարժը»,- հայտարարել է տարածաշրջանային զարգացման ու ենթակառուցվածքների նախարար, Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլին։

Հայտնի է, որ այս սահմանափակումները չեն տարածվելու միջազգային փոխադրողների, ինչպես նաև այն անձանց ու տրանսպորտային միջոցների վրա, որոնք տեղաշարժվում են ռազմավարական նշանակություն ունեցող հաստատությունների, բուժհաստատությունների, դեղագործական օբյեկտների և լրատվամիջոցների գործունեության ապահովման համար։

Նշենք, որ Վրաստանում նախօրեին արձանագրվել է կորոնավիրուսի 2 859 նոր դեպք:

Այսպիսով, Վրաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսի 54 852 դեպք: Զոհերի ընդհանուր թիվը 441 է: