Արցախի գանձերը. Գլխո կամ Հոռեկա վանք

Գլխո կամ Հոռեկա վանքը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից 4 կմ հարավ-արևմուտք, անտառապատ սարալանջին: Դեռևս վաղ միջնադարից հայտնի է նաև որպես՝ Հուռեկան։ Հետագայում Գլխո վանքի տեղում 13-րդ դարում կառուցվել է նոր եկեղեցի, որը հետագայում ստացել է Հոռեկա վանք անվանումը։

Համաձայն մուտքի կիսակամար ճակատաքարի վրա փորագրված շինարարության վերաբերյալ վիմական արձանագրությունների՝ եկեղեցին կառուցել է Հովհաննեսը 1279 թ., իսկ գավիթը` 1284 թ., որը հատակագծում ունի գրեթե քառակուսի հորինվածք:

Համալիրը բաղկացած է եկեղեցուց, գավթից, զանգակատնից, ընդարձակ հանգստարանից և այլ ավերված շինություններից։

Եկեղեցին ունի միանավ կառուցվածք, երկթեք թաղակապ ծածկը հենվում է պատերի։ Ուղղանկյուն աղոթասրահի բեմ-աբսիդի խորքում գտնվում է հնագույն դամբարանը, իսկ խորանը լուսավորվում է երեք պատուհանով։ Գավիթը երկու զույգ փոխհատվող կամարների վրա հենվող ծածկով է. պատկանում է հայկական գավիթների 13-րդ դարում տարածված տիպին։

Եկեղեցու և գավթի պատերի մեջ՝ ներքուստ և արտաքուստ ագուցված են բազմաթիվ խաչքարեր: Գավթում ամփոփված են վանքի եպիսկոպոսների, վարդապետների, սարկավագների մարմինները: Զանգակատունը կառուցվել է 17-րդ դարում: Այն փոքրիկ շինություն է՝ կցված գավթին՝ արևմուտքից:

Հոռեկա վանքի տարածքում վանքից և ապարանքներից զատ պահպանվել են նաև հին ու նոր գերեզմանոցներ, որտեղ առանձին ու ընդարձակ տեղ են զբաղեցնում Մելիք-Բեգլարյան մելիքական տոհմի անդամների և նրանց նախորդների գեղաքանդակ ու արձանագիր տապանաքարերը։

Առաջին ապարանքը կառուցվել է վանքի դիմաց, արևելահայաց բլրալանջի ստորին դարավանդահարթակի վրա։

Երկրորդ ապարանքը կառուցվել է առաջինի դիմաց՝ Հոռեկա վանքի բլրի հյուսիսային լանջի ստորին հատվածում։ Ապարանքի կառուցման ստույգ թվականը հայտնի չէ։

Ապարանքի հյուսիսային թևում ի տարբերություն հարավայինի, սենյակները միաշարք են և համեմատաբար վատ են պահպանվել։ Սենյակաշարը բաղկացած է կենտրոնական սրահից և դրան կից 2 դահլիճից։ Դրանք երկուական լայն պատուհաններ ունեն բակի կողմից, իսկ եզրային պատերում բուխարիներ են։

Սենյակաշարը կառուցվել է բնակելի մասի կամարասրահի դիմաց և եզրային-լայնական պատերով՝ որպես առանձին շինություն, որն առանձնացվել է արտաքին պարիսպներից, արևմտյան հատվածում՝ բուրգի հետ կապվող նեղլիկ միջանցքով, իսկ արևելքից՝ կառուցապատման բացակայությամբ և այդ ուղղությամբ բացված երկու փոքր պատուհաններով:

ՀՀ ԿԳՄՍՆ