Թուրքական հեռուստաալիքը հեռացրել է Արցախի մասին սխալմամբ ճշմարտությունը ներկայացրած աշխատակցին

Թուրքական պետական հեռուստաընկերությունը, ուղիղ եթերում ներկայացնելով պատերազմական վերջին զարգացումները Արցախում, սկանդալային վրիպում է թույլ տվել՝ շեղվելով թուրք-ադրբեջանական քարոզչական կեղծիքից։ Թուրքագետ Վարուժան Գեղամյանը նկատել և սոցցանցում կիսվել է այդ տեսագրությունից վերցված լուսանկարով։

Ռեպորտաժի ժամանակ էկրանին հայտնված գլխագրում թուրքերեն նշված է եղել. «Ադրբեջանը հարձակվում է քաղաքացիական անձանց վրա» / Azerbaycan sivillere saldırıyor/:

Ինչպես տեղեկացրել է Ermenihaber.am-ը, այս դրվագը մեծ աղմուկ է բարձրացրել թուրքական մամուլում և սոցիալական ցանցերում։ Թուրք օգտատերերը նույնպես իրենց վրդովմունքն են հայտնել՝ այս դիպվածը համարելով խայտառակություն։ Դեպքի առնչությամբ թուրք օգտատերերը հիշել են նաև պետական հեռուստաընկերության կողմից նախկինում ևս թույլ տրված նմանատիպ «սխալները»։

Հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել կատարվածի առնչությամբ և փորձել շտկել «սխալը»՝ հեռացնելով լուսագիրը պատրաստած աշխատակցին։

Հեռուստաընկերության տարածած հայտարարությունում նաև նշվում է, որ եթերից հետո անմիջապես ուղղել են լուսագիրը։