ՌԴ ԱԳՆ-ը հայտնել է, որ Մոսկվային անհասկանալի է Ալիևի հուզական արձագանքը Լավրովի խոսքին

Ռուսաստանին հասկանալի չէ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հուզական արձագանքը Լեռնային Ղարաբաղում օտարերկրյա վարձկանների մասին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքին: Այդ մասին հինգշաբթի ՏԱՍՍ գործակալությանը նշել է Ռուսաստանի արտգործնախարարության աղբյուրը:

«Անկեղծ ասած, մեզ այնքան էլ հասկանալի չէ հարգելի Իլհամ Հեյդարի Ալիևի հուզական արձագանքը Սերգեյ Վիկտորի Լավրովի մեկնաբանությանը»,- ասել է գործակալության աղբյուրը: «Միգուցե Ադրբեջանի նախագահի օգնականները նրան ցույց են տվել ուրիշի նյութեր կամ ներկայացրել են իրենց սեփական մեկնաբանությունը»:

«Միևնույն ժամանակ մենք մնում ենք այն համոզմունքին, որ վարձկան զինյալների ներթափանցումը Անդրկովկաս սպառնում է տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի և Ռուսաստանի կայունությանը և անվտանգությանը»,- հավելել է աղբյուրը: