Ֆրանսիան սպառնացել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել Էրդողանի կտրուկ հայտարարությունների պատճառով

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կտրուկ հայտարարությունները Ֆրանսիայի և նրա ղեկավարության հասցեին՝ սպառնալով պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ: Ինչպես տեղեկացնում է Interfax-ը, Ֆրանսիայի ԱԳ նախարարն այս մասին ասել է Europe 1 ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Նախագահ Էրդողանն այժմ պարբերաբար հանդես է գալիս բռնության, նույնիսկ՝ ատելության անընդունելի հայտարարություններով: Դա ուղղված է ոչ միայն Ֆրանսիայի դեմ, կա ամբողջական եվրոպական համերաշխություն այդ հարցում, և մենք շատ հստակ պնդում ենք, որ Թուրքիան հրաժարվի նման տրամաբանությունից», – նշել է Լը Դրիանը:

Միաժամանակ նախարարը հիշեցրել է, որ Եվրոպական խորհուրդը, որը միավորում է Եվրամիության 27 անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարներին, որոշել է, որ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի թուրքական իշխանությունների նկատմամբ:

Նրա խոսքով, եթե թուրքական կողմը չփոխի իր դիրքորոշումը, կան ճնշման միջոցներ, կա հնարավոր պատժամիջոցների պլան: