Արցախի գանձերը. Բռի եղցի

Արցախի Մարտունու շրջանի Հացի գյուղից դեպի արևելք՝ Անահիտի ձորակի ձախ կողմում փռված է Բռի եղցի (եկեղեցի) հուշարձանախումբը։ Ամայի՝ քար ու ավազով պատած տարածքում երևում է միջնադարյան խոշոր վանքային համալիրը։ Միջնադարյան հուշարձանախումբը սփռված է բլրի ստորոտից սկսած մինչև գագաթը: Կիսավեր և կանգուն հուշարձանների վրա պահպանված արձանագրությունները հիմնականում վերաբերում են 12-13-րդ դարերին, բայց վաղ ժամանակաշրջանի ճարտարապետական բեկորները և ժողովրդական ավանդությունները հաստատում են, որ այդ վայրը հեթանոսական ժամանակներում եղել է սրբատեղի: Բռի եղցու այժմյան համալիրը բաղկացած է չորս եկեղեցիներից, գավթից, խաչքարերի երեք որմնափակ պահոցներից, քանդված մատուռից, օժանդակ (ավերված) շենքերից և ընդարձակ գերեզմանատնից, որոնք հիմնականում կառուցվել են միջնադարում, և բնականաբար հետագա դարերում ենթարկվել են վերանորոգումների: Եկեղեցիներից մեկը գտնվում է բլրի ստորոտում՝ դեպի Նորշեն գյուղ տանող ճանապարհի եզրին: Այն ունի գեղեցիկ ձևավորված մուտք, որի վերին կողմում պատկերված են դեմ-հանդիման կանգնած սիրամարգեր: 5-7-րդ դարերին բնորոշ բազմաթիվ խոյակներ, խարիսխներ, հիմնապատեր, զարդանախշեր սփռված են վանքային համալիրի ամբողջ տարածքով։ Ժամանակին այս խոյակները պսակել են մի նշանավոր տաճարի սյուները։ Իսկ տաճարը, Արցախում կառուցված այն եկեղեցիներից մեկն էր, որի հիմնադրումը կապված է Հայաղվանքի արքա Վաչագան Բարեպաշտի շինարարական գործունեության հետ։ Ահա այդ ժամանակներում կառուցված տաճարներից մեկն էլ համարվում է այս հուշարձանախմբի ամենահին եկեղեցին, որի հիմնապատերը պահպանվել են բլրի գագաթին՝ հավանաբար մեհյանի հիմքերի վրա։

ՀՀ ԿԳՄՍՆ