Կոչ ենք անում հակամարտության կողմերին՝ խուսափել քաղաքացիական բնակչության ուղղությամբ հասցվող հարվածներից. Մարիա Զախարովա

Մոսկվան ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում զսպվածություն դրսևորել և գործնականում իրավիճակը տարածաշրջանում բերել ապաէսկալացման: Այս մասին նոյեմբերի 5-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Կոչ ենք անում կողմերին ծայրահեղ զսպվածություն դրսևորել, խուսափել քաղաքացիական բնակչության ուղղությամբ հասցվող հարվածներից, թույլ չտալ արտաքին ուժերի միջամտությունը: Անհրաժեշտ է գործնականում իրավիճակը բերել հրադադարի ռեժիմի, լարվածության ապաէսկալացման և բանակցությունների վերականգնման՝ հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման հասնելու նպատակով»,- ասել է Զախարովան:

Վերջինս հիշեցրել է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 1-ին և 2-ին հեռախոսային բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: