Սկանդինավյա՞ն. չէ, չենք լսել

Բայց նախ այն մասին, որ Իսրայելը աղոթում է Ադրբեջանի համար:

Ոչ. ոչ թե որ  Ադրբեջանն այդքան թանկ անօդաչուներ է առել իրենից ու ռմբահարել հայոց հողն ու բանակը, խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական բնակչությանը. Իսրայելն աղոթում է ադրբեջանցիների համար, որովհետև Ադրբեջանը «ագրեսիայի» է ենթարկվում Հայաստանի կողմից…

Քաղաքականությունը, այն էլ գեոքաղաքականությունը, երկրորդն է հայտնի արհեստից հետո, ուստի նացիստների կողմից ցեղասպանության ենթարկված, օսվենցիմներով անցած, Քրիստոսի ոտնահետքերը իր հողի վրա կրող ազգի սույն դրսևորումը ժամանակակից, թավշյա, «դեմոկրատիկ» աշխարհում զարմանալի չէ` ամենևին:

Ընդ որում, նաև հասկանալի է. եթե աղոթում է Իսրայելը, ապա հավարտ աղոթքի` ԱՄՆ-ը ասում է` «ամեն».  բժեժինսկիա-քիսինջերա-սորոսյան այս աշխարհում Իսրայելը վաղուց է երազում այն, ինչ այսօր իրականացնում է Թուրքիան Ադրբեջանի ձեռքով` Իրանի մերձակայքում, վերջապես օրակարգ մտցնելով Իրանի խնդիրը (դեռ քանի տարի առաջ Իսրայելը պատրաստվում էր վաղ առավոտյան «խփել» Իրանին, չէր ստացվում. Թուրքիան պահը հասունացրել է):

Ու արժե «աղոթել» Ադրբեջանի (իմա` Թուրքիայի) համար, որովհետև մի կողմից վերջապես կյանքի է կոչում Մեծ Մերձավոր Արևելքի` բժեժինսկյան պրոեկտի վերջին արարներից մեկը` ահաբեկիչներն այլևս Իրանի սահմանի մերձակայքում են, մյուս կողմից Իսրայելը դառնում է տարածաշրջանում «ասող» երկիր` ԱՄՆ ժանդարմ, վերջապես Պաղեստինն «ազատագրելու» համար, այնպես, ինչպես թուրք-ազերի տանդեմն է Ղարաբաղն «ազատագրում», երրորդ արարով էլ պանթուրքիստական «օսն» է ձգվում տարածաշրջանով մեկ` տեղ չթողնելով ոչ Ռուսաստանի և ոչ էլ Չինաստանի համար:

Ահա թե ինչ հանգույցի է վերածվել իրականում Արցախյան խնդիրն այսօր:

Ահա թե ինչու` մեկ էլ ու «սկանդինավյան խաղաղապահները», առաջին հայացքից անսպասելի, ընկան բոլորի գլխին, մանավանդ, երբ հայկական կողմն արդեն իսկ հնչեցրել էր կարևորագույն եզրույթը. Հայաստանը կողմ է ռուսական խաղաղապահների խաղաղարար առաքելությանը շփման գծում (սա ասվել էր` լավ իմանալով, որ ադրբեջանական կողմը չի համաձայնելու, դրա՞ համար, դիտմա՞մբ, զի մեր թավիշների ականջին արդեն իսկ շշնջացել էին «սկանդինավյան» կախարդական բառը` իրենց ամերիկյան տերերը, ու «մերոնք»  դիտմամբ խաղը սրում էին, որպեսզի ամերիկյան ընտրություններից վայրկյաններ առաջ հնչի այդ տեսակետը, և վերջապես` համաձա՞յն է Ադրբեջանը սկանդինավյան խաղաղապահների գաղափարի հետ… սա այլ օրվա և քննարկման թեմա է), այնուհանդերձ, «սկանդինավյան»  ձևակերպումը, ուղղակի ականջ սղոցեց, մանավանդ որ հնչեց նույն այն գործչի` Թրամփի արտաքին հարցերով խորհրդական Ռ. Օ, Բրայենի շուրթերից, որը դրանց ասել էր` Ռուսաստանն ու ԱՄՆ-ը արցախյան հարցում համաձայնեցված են գործում:

Զարմանալի էր նաև մեկ այլ բան. ինչպե՞ս կարող էր շատերի, այնպես էլ ԳՌՈՒ-ի նման մոնստր-հզոր կառույց ունեցող Ռուսիայի համար ևս խիստ զարմանալի, առաջնեկային լինել այդ բանաձևումը. նկատենք` այս առնչությամբ իր զարմանքը պաշտոնական Մոսկվան չթաքցրեց անգամ:

Հասկանալի է,  ԱՄՆ-ը սիրում է քաոտիզմը հասցնել արվեստի մակարդակի, և սա այդ դեպքերից է: Բացի խաղը խափանելուց, Նահանգներն զգաց, որ Ռուսաստանին Հայաստանից «քշել»-օտարելու իր պասաժը` հակառակ էֆեկտ ունեցավ. Հայաստանում իր ծնած-սնած իոնիսյանները, անդոքոչարյաններն այլևս Կալաշնիկովի հրացան են քանդում-հավաքում` հընթացս բաձրաձայնելով, որ երբեք հակառուսներ չեն եղել, ավելին` Պուտին Վ-ի անունը տալուց չեն մոռանում լիքը բերանով «պարոն» բառը արտաբերել, և այն էլ` հատուկ նեյրոլինգվիստիկայով:

Մի խոսքով. Իսրայելի աղոթքներին «շալոմ» ասող Նահանգներն ի լուր աշխարհի, բայց առաջին հերթին Դուշանբեի վերելակում հանդիպած, միմյանց հետ «կիրթ ու կառուցողական» փոխանցումներ ունեցած կողմերի համար ասաց` ոչ մի կերպ չպետք է համաձայնել ռուսական խաղաղապահների գոյությանը Արցախում: Գաղտնիք չէ` խաղաղապահների բերետի խնդիրը միշտ էլ ամենավիճահարույցն է եղել Արցախյան կարգավորման խնդրում, ու հիմա հասունացել է պահը` այն առարկայացնելու. դրանցից է կախված լինելու` ով է մոդերացնելու տարածաշրջանը, Հարավային Կովկասը…

Հիշենք` հաճախ էր շոշափվում գաղափարը, որ Արցախյան շփման գոտում խաղաղապահները ԵԱՀԿ ՄԽ համանախագահ որևէ երկրից չպետք է լինեն: Սակայն այսօր, երբ Ադրբեջանը Թուրքիայի ձեռքից բռնած տարածաշրջան է բերել ԻԳԻԼ-ի ահաբեկիչներին, խաղը փոխվել է, և Ռուսաստանն ու Իրանը չեն կարող թույլ տալ, որպեսզի իրենց քթի տակ «սկանդինավյան» խաղաղապահներ տեղակայվեն` անհայտ հեռանկարով: Քանզի «սկանդինավյան» խաղաղապահներ ասել` նշանակում է` ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասում` Իրանի պռնկին. չմոռանանք`սկանդինավյան երկրների մեծ մասը ՆԱՏՕ-ի անդամ է:

Ասել է` խաղը Հարավային Կովկասում` Արցախյան այրվող հողի վրա, ամերիկյան ընտրություններից մի քանի ժամ առաջ էլ ավելի բարդացրեց իրավիճակը` ցուցանելով ԱՄՆ-Իսրայել-Թուրքիա  (Ադրբեջան)` ՆԱՏՕ ալյանսի իրական ծրագրերը:

Դա նշանակում է` նրանք «եկել են» երկա՞ր մնալու տարածաշրջանում: Նրանք չե՞ն պատրաստվում զիջել:

Փոքրիկ Արցախում տեղի ունեցող գոյամարտը ոչ միայն հանուն մեր, այլև աշխարհի փրկության համար է` ահաբեկչությունից, պանթուրքիզմից, վախեցնող «ժողովրդավարությունից»:

Կարծես:

Կարմեն Դավթյան