Վիեննայում իրականացված ահաբեկչության գործով ձերբակալվածների մեջ ՌԴ և Թուրքիայի քաղաքացիներ կան

Վիեննայում նոյեմբերի 2-ին տեղի ունեցած ահաբեկչության գործով ոստիկանությունը ձերբակալել է 14 մարդ, հայտնում է dw.com կայքը՝ հղում անելով Ավստրիայի ներքին գործերի նախարար Կառլ Նեհամերի հայտարարությանը։

Աղբյուրը մանրամասնում է, որ 18-28 տարեկան բոլոր ձերբակալվածները «միգրացիոն ծագում» ունեն, նրանցից ոմանք անգամ Ավստրիայի քաղաքացի չեն: Քննություն է իրականացվում ահաբեկչական կազմակերպության հետ նրանց կապ ունենալու գործով։

Վիեննայի ոստիկանապետ Գերհարդ Փյուրսթելը հավելել է, որ ձերբակալվածների մեջ կան նաև երկքաղաքացիություն ունեցող անձինք՝ այդ թվում Ռուսաստանի, Թուրքիայի Բանգլադեշի և Հյուսիսային Մակեդնիայի քաղաքացիություն ունեցողներ։

Հիշեցնենք, նոյեմբերի 2-ի ահաբեկչության հետևանքով զոհվել է 4 մարդ, 23-ը վիրավորվել են։ Հրացանով զինված չարագործը Վիեննայի կենտրոնական հատվածում վեց անգամ կրակել է տարբեր վայրերի վրա, այդ թվում՝ սինագոգի։

Հայտնի է, որ ահաբեկչությունը իրականացրել է Հյուսիսային Մակեդոնիայից 20-ամյա երիտասարդ, որն ունեցել է ավստրիական և մակեդոնական անձնագիր։ Նախկինում նա Սիրիա մեկնելու և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը միանալու փորձ է կատարել, սակայն ձերբակալվել է։  Հանցագործը գործել է միայնակ, ավելի ուշ ոստիկանությունը գնդակահարել է նրան։

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Վիեննայում իրականացված հարձակման պատասխանատվությունը: