Բելգիայի հայ համայնքը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է ԼՂ հակամարտությանն առնչվող մի շարք հարցեր

Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչները Եվրոպական Միության արտաքին գործերի ծառայության Արևելյան գործընկերության երկրների հետ հարաբերությունների բաժնի` Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի հարցերով զբաղվող թիմի ղեկավար Ջիանմարկո Սկուպայի հետ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող մի շարք հարցեր:

«Արմենպրեսի» փոխանցմամբ` hանդիպմանը մասնակցել են Բելգիայում Հայաստանի հարցերով զբաղվող անկախ իրավաբանը, Եվրախորհրդարանում քաղաքականության մշակման հարցերով զբաղվող խորհրդատուն, Բելգիայի հայ կոմիտեի, ինչպես նաև Մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության միջազգային դաշինքի ներկայացուցիչները:

Հանդիպման նպատակը եղել է հոկտեմբերի 28-ին հայ համայնքի անունից Եվրախորհրդարան ներկայացված մի շարք պահանջների քննարկումը: Դրանք վերաբերում էին Թուրքիայի և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելուն, շփման գծի երկու կողմերում մոնիտորինգ անցկացնելուն և Թուրքիային ՆԱՏՕ-ի անդամակցությունից զրկելուն: Քննարկվել են Արցախի ճանաչման, ինչպես նաև կասետային ռումբերի ու ֆոսֆորային զենքերի օգտագործումը կանխելու ուղղությամբ հստակ քայլեր կիրառելու վերաբերյալ հարցեր: