Թուրքիան արձագանքել է Ֆրանսիայի՝ «Գորշ գայլեր» ծայրահեղական շարժումը լուծարելու որոշմանը

Թուրքիան դատապարտել է «Գորշ գայլեր» ծայրահեղական շարժումը լուծարելու Ֆրանսիայի որոշումը՝ հայտարարելով, որ այդ քայլը խմբավորման մասնակիցների ազատությունների խախտում է, գրում է Ahval-ը։

Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ Ֆրանսիային մեղադրել են «փարիսեցիության» համար՝ հայտարարելով, որ երկիրը «ամբողջությամբ հայկական շրջանակների պատանդն է դարձել»։

Անկարան «վճռական» պատասխան կտա այդ քայլին, հայտարարել է նախարարությունը։

Հիշեցնենք, որ նախօրեին Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը տեղեկացրել էր երկրի տարածքում թուրքական ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորման գործունեության արգելքի մասին։

««Գորշ գայլեր» շարժումը լուծարվել է նախարարների խորհրդում ՝ հանրապետության նախագահի հրամանի համաձայն: Ինչպես մանրամասն ներկայացված է հրամանագրում, այն (շարժումը) խտրականություն և ատելություն է սերմանում և մասնակցում է բռնի գործողությունների», -գրել էր Դարմանենը Twitter-ի իր էջում:

Նախարարը հրապարակել էր նաև կազմակերպության գործունեությունն արգելող հրամանագիրը:

Հիշեցնենք, որ Լիոնի արվարձանում «Գորշ գայլեր» ծայրահեղական շարժման մասնակիցներն օրերս պղծել էին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը։

«Գորշ գայլեր» կազմակերպությունը համարվում է թուրքական ազգանական ամենահայտնի կառույցների մեկը՝ սերտ կապեր պահպանելով Թուրքիայի խոշորագույն քաղաքական ուժերից մեկի՝ «Ազգայնական շարժում» կուսակցության հետ։