Էրդողանը Թուրքիայի ներսում քաղաքական զուգցվանգի մեջ է

Որքան խորանում էԱրցախյան երկրորդ պատերազմը, այնքան ավելի շատ է իրարանցումն ու կոնֆուզը Թուրքիայի ներսում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում, քան Covid-19 համավարակը, հանկարծակի հայտարարել է երկրի նախկին վարչապետ, Թուրքիայի առաջնորդի երբեմնի մտերիմ, սերտ գործակիցը, իսկ այժմ՝ ընդդիմադիր «Ապագայի կուսակցության» ղեկավար Ահմեդ Դավութօղլուն, նոյեմբերի 2-ին հաղորդել է «The National» անգլալեզու պարբերականը։ Ըստ նրա խոսքերի՝ Եվրոպայի ու աշխարհի ամենամեծ վտանգը «Էրդողանի պես պոպուլիստ առաջնորդների կողմից տարածվող բռնակալության մշակույթն է»: «Տոհմացեղային պետության չափանիշ է հանդիսանում ընտրության բացակայությունը, իսկ ընտրությունը՝ ժողովրդավարության չափանիշ է»,- ասել է Դավութօղլուն: «Քանի դեռ մեր ժողովուրդը տառապում է, և առկա է խորը կոռուպցիա, իսկ մեր երկրի արժանապատվությունը վիրավորվում է արտասահմանում, մենք շարունակելու ենք արտահերթ ընտրություններ անցկացնելու կոչերը»: Եվ սա ասում է մի մարդ, որին, ի դեպ, վերագրում են նեոօսմանիզմի հայեցակարգի «հեղինակությունը»…

Վերջերս ստեղծված կուսակցության առաջնորդը քննադատել է նաև կառավարման նախագահական համակարգը, որի ներդրումը նախաձեռնել էր Էրդողանը՝ 2017թ.։ Նախկին վարչապետը վստահ է, որ Թուրքիայի Հանրապետությանը անհրաժեշտ է վերադառնալ կառավարման խորհրդարանական համակարգին, քանի որ «գործող համակարգը միայն ճգնաժամերի տեղիք է տալիս»: Միևնույն ժամանակ, նա վերահաստատել է արտահերթ ընտրությունների իր պահանջը, ինչն ընդդիմությունը Թուրքիայում սկսել է խթանել հոկտեմբերի սկզբին, նշում է «The National»-ը:

Հիշեցնենք, որ Ահմեդ Դավութօղլուն անցած տարի լքել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP) և 2019 թվականի դեկտեմբերի 13-ին հայտարարել է «Ապագայի կուսակցության» ստեղծման մասին: Իր քաղաքական նախագծի ներկայացումը Դավութօղլուն ուղեկցել է պետության ղեկավարի և AKP-ի հասցեին ուղղված հերթական խիստ քննադատությամբ: Ըստ նրա խոսքերի՝ Թուրքիայի զարգացմանը խոչընդոտում է իշխանության կենտրոնացումը մեկ ձեռքում, տնտեսական ճգնաժամն ու վախի մթնոլորտը: Նախկին վարչապետը իր գործընկերներին կոչ է արել «կապիտալ վերանորոգել Թուրքիայի քաղաքական համակարգը»:

Մեր քաղաքացիները, հավանաբար, հիշում են. Դավութօղլուն Թուրքիայի վարչապետ է դարձել 2014թ.՝ որպես արտաքին գործերի նախարար հնգամյա պաշտոնավարումից հետո։ Սակայն 2016-ին անսպասելիորեն վիճել է Էրդողանի հետ, ինչը հանգեցրել է նրա անխուսափելի պաշտոնանկությանը: Դա համընկել է Սիրիայում թուրքերի կողմից ռուսական Սու-24-ը խոցելու սկանդալի հետ: Բայց 2020-ի գարնանը Դավութօղլուն անձամբ դրանում մեղադրել է Էրդողանին, չնայած ավելի վաղ Թուրքիայի նախագահը «արդարացել էր» Մոսկվայի առաջ՝ մեղավոր հանելով Դավութօղլուին: Դավութօղլուի, նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանի և  AKP մի շարք այլ հայտնի գործիչների, այդ թվում՝ Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլահ Գյուլի հեռացումը Էրդողանից տեղի է ունեցել 2016-ի հուլիսին հեղաշրջման փորձից հետո: Այս երեք քաղաքական գործիչներն էլ հավանություն չեն տվել Թուրքիայի ներկայիս ղեկավարի նախաձեռնած կառավարման խորհրդարանական համակարգից նախագահական կառավարման համակարգի անցմանը:

Թուրքական «Avrasya Research» սոցիոլոգիական ընկերության կողմից հրապարակված նոր հարցման համաձայն՝ Թուրքիայում ընդդիմադիր ուժերի վարկանիշը շարունակում է բարձրանալ, մինչդեռ իշխող AKP-ի աջակցությունը հասել է ռեկորդային ցածր մակարդակի: Ըստ «Avrasya Research»-ի հոկտեմբեր ամսվա հարցման՝ ընտրողների միայն 32,5%-ն է ասել, որ կաջակցի AKP-ին, որը ղեկավարում է նախագահ Էրդողանը, եթե շուտափույթ ընտրություններ անցկացվեն, ի տարբերություն 28,2%-ի, որոնք հայտարարել են, որ կողմ են քվեարկելու հիմնական ընդդիմադիր Հանրապետական ​​ժողովրդական կուսակցության օգտին (CHP): Երկու մրցակից քաղաքական բլոկների՝ CHP-ի կազմում «Ազգերի դաշինք»-ի և «Լավ կուսակցության» ու «Ժողովրդի դաշինք»-ի, որը ձևավորում են AKP-ը և Ազգայնական շարժման կուսակցությունը (MHP), վարկանիշները գրեթե հավասար են. 32,2% և 32,7%՝ համապատասխանաբար։ Թուրքիայի հաջորդ հերթական ընդհանուր ընտրությունները նշանակված են 2023թ., սակայն վերլուծաբանները պնդում են, որ AKP-ի նախկին բարձրաստիճան անձանց կողմից նոր ընդդիմադիր կուսակցությունների ձևավորումը, երկրի տնտեսության թուլացումը և իշխող դաշինքի ընտրական օրենսդրության փոփոխությունների կոչերը կարող են առաջացնել արտահերթ ընտրություններ:

Այլևս չենք խոսելու Թուրքիայում միջկուսակցական մրցակցության իրավիճակի մասին: Այնուամենայնիվ, դժվար է չնկատել, որ իշխող AKP կուսակցության թուլացած դիրքը ևս այն պատճառներից մեկն է, թե ինչու է Էրդողանը որոշել ռիսկի դիմել մեր Այսրկովկասում՝ 4-7 օրվա ընթացքում անվերապահ հաղթանակի հույս ունենալով: Պատերազմը, սակայն, ձգվել է, և օրեցօր մեծանում է սպառնալիքը, որ Ռուսաստանն ու Իրանը բացահայտորեն կթքեն Թուրքիայի վրա և կբաժանեն (ևս մեկ անգամ) Անդրկովկասը միայն իրենց միջև: Արդյո՞ք դա արդարացի չէր լինի:

Սերգեյ Շաքարյանց