Մեր տղերքն աշխարհին ցույց են տալիս հայ զինվորի բազկի հզոր ուժը․ ականատեսի աչքերով (տեսանյութ)

Արցախի ու Հայաստանի վրա հարձակում իրականացնելուց առաջ թշնամին տարբեր հանգամանքներ էր  հաշվարկել՝ արտաքին քաղաքական իրավիճակը,  աշխարհին համակած  կորոնավիրուսային համաճարակը, ժամանակակից զինտեխնիկայով մինչև կոկորդը իր սպառազինված լինելը, դաշնակցային հարաբերություններն այս կամ այն երկրի հետ, պատմական տարեթվերի հետ համընկնումը, ԱՄՆ նախագահական ընտրությունները, անգամ եղանակը՝ իր համար բարենպա՞ստ է լինելու, թե ոչ: Բայց մի շատ կարևոր բան  մոռացել էր ներառել իր հաշվարկների մեջ. դա բարդ իրավիճակներում հայ ժողովրդի միասնականությունն է, հայրենիքի հանդեպ հայ մարդու անսահման սերը, հայ զինվորի, սպայի հզոր անպարտելի ոգին,  նրա չնահանջող տեսակ լինելը։

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանն է, ում հետ հաղորդման հեղինակը խոսել է սահմանը պահող մեր հզոր տղաների մասին։ Արցախյան պատերազմի և ապրիլյան մարտերի  մասնակից, իսկ սեպտեմբերի 27-ին՝  թշնամու հարձակումից մեկ օր անց՝ սեպտեմբերի  28-ին «Սիսական» ջոկատի կազմում, Հադրութում  մարտերի մասնակցած Հովհաննիսյանը, որպես ականատես, ներկայացնում է մեր  զինվորներին, պատմում նրանց քաջագործություններից դրվագներ։

Թշնամին մեր դեմ է դուրս եկել թե՛ մարդկային, թե՛ ռազմական առումով մի քանի անգամ գերազանցող ուժերով… Չնայած դրան, այսօր հայ զինվորն առաջնագծում ուղղակի հրաշքներ է գործում: Ամեն օր մի հերոսական պատմություն է կերտվում սահմանին, ամեն օր հայ ժողովրդի պատմության էջերը ծանրանում են նորանոր  հերոսապատումներով:

Սա Հայրենական պատերազմ է, բանակի կողքին են Հայ Առաքելական եկեղեցու սպասավորը՝ հայ հոգևորականը, մի ձեռքին խաչը, մյուսին՝ զենքը, հայ կամավորականը, սփյուռքի մեր հայրենակիցները։

Այս պատերազմը  ֆիդայական պայքար չէ, սա  90-ականների պատերազմը չէ, սա 5-րդ սերնդի պատերազմ է՝ հագեցած  բարձր տեխնոլոգիական զինատեսակներով: Սակայն ոգին է ֆիդայական։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։