Սասուն Խաչատրյանը ՀՔԾ ջոկատի հետ մարտական գործողությունների վայրերից մեկում է

Հատուկ քննչական ծառայությունում ձևավորված ջոկատը՝ ծառայության պետի գլխավորությամբ, մեկնել է մարտական գործողությունների վայրերից մեկը:

«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՔԾ պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը:

«Նկատի ունենալով, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը որպես ծառայությունում ձևավորված ջոկատի ղեկավար՝ մեկնել է մարտական գործողությունների կատարման վայրերից մեկը, նախագիծը կներկայացնեմ ես»,- ասաց Հովհաննիսյանը:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը: Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  բազմաթիվ փաստեր:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը շարունակում է լայնածավալ մարտական գործողությունները Արցախի դեմ, իրականացնում է դիվերսիոն ներթափանցման փորձեր, հրթիռակոծում է խաղաղ բնակավայրեր Հայաստանում և Արցախում, օգտագործում արգելված զինատեսակներ։