Ադրբեջանն ու Թուրքիան է՞լ ինչ ջանքեր պիտի գործադրեն՝ աշխարհին համոզելու, որ իրենք ահաբեկիչ են (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է արտաքին քաղաքականության գծով ԱՀ նախագահի խորհրդական, «Արցախի պահպանողական» կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը։

Անդրադարձել ենք Արցախում տիրող իրավիճակին, որտեղ թուրք-ադրբեջանական ուժերը վարձկան ահաբեկիչների հետ շարունակում են թիրախավորել խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները։ Արցախի դեմ մղվող մարտերում վարձկան ահաբեկիչների ներգրավվածության մասին խոսելիս Դավիթ Բաբայանը նկատեց, որ ոչ միայն Արցախին, այլև ամբողջ աշխարհին է սպառնում ահաբեկչության վտանգը. նրանք վերջին օրերին շարունակում են վանդալիզմ իրականացնել եվրոպական տարբեր երկրներում, և եթե միջազգային հանրությունը շարունակի կույր ձևանալ՝ ինչպես Արցախի հարցում, ապա չի բացառվում, որ Եվրոպան շուտով կդառնա անկայուն տարածաշրջան։

Դավիթ Բաբայանն անդրադառնալով Արցախի Հանրապետության մարդասիրական քաղաքականությանը, ընդգծեց, որ մենք ադրբեջանցիների և թուրքերի նման ահաբեկիչ չենք, մենք գլուխ չենք կտրում, գերիներին տանջամահ չենք անում, և չենք պատրաստվում նմանվել թշնամուն, քանզի յուրաքանչյուր զինվորի կյանք մեզ համար մեծ արժեք ունի և յուրաքանչյուր ռազմագերի մեր մեկ զինվորի կյանք և ազատություն է նշանակում։ Սա քաղաքակրթական պայքար է, բախում է քաղաքակրթությունների միջև, որտեղից հայը պետք է հաղթանակած դուրս գա:

«Արցախի պահպանողական» կուսակցության նախագահը նկատեց, որ պետք չէ անտեղի հույսեր կապել միջազգային կառույցների և այլ ուժերի հետ, սա մեր կռիվն է, որը պիտի տանենք մինչև վերջ, մինչև հաղթական ավարտ։

Մանրամասները՝ տեսանյութում