Հավաստիացնում եմ, որ բոլորի նկատմամբ կիրառվելու է համապատասխան որոշում՝ աշխատանքից ազատելու և, իրավիճակին համարժեք, օրենքով նախատեսված այլ պատժամիջոցներ իրականացնելու համար․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ

Հաշվի առնելով պատերազմի առաջին օրերից Արցախի Հանրապետությունը լքած բարձր և ցածր օղակների պետական պաշտոնյաների դրսևորած ամոթալի վարքագծի փաստի առթիվ հանրային հարթակներում ծավալված քննարկումները՝ հավաստիացնում եմ, որ բոլորի նկատմամբ կիրառվելու է համապատասխան որոշում՝ աշխատանքից ազատելու և, իրավիճակին համարժեք, օրենքով նախատեսված այլ պատժամիջոցներ իրականացնելու համար:

Միաժամանակ, պատրաստակամություն եմ հայտնում ևս մեկ անգամ հնարավորություն տալու բոլոր նրանց, ովքեր գիտակցել են իրենց անպատասխանատու արարքի ամբողջ ծանրությունը և այսուհետ կլծվեն Հայրենիքի առջև իրենց քաղաքացիական պարտքը կատարելու վեհ գործին»:

Ավելի վաղ ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր օգտատիրոջ բաց նամակը, ուղղված ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանին, որտեղ հեղինակն անդրադարձել է պատերազմական այս օրերին պետական կառավարման համակարգի բարձր և ցածր օղակներում աշխատող զինապարտ և ոչ զինապարտ քաղաքացիների՝ Արցախից բացակայելու փաստին: