SITE Intelligence Group պորտալը հայտնել է Վիեննայում տեղի ունեցած հարձակումներին ջիհադիստների մասնակցության մասին

SITE Intelligence Group պորտալը, որը հետևում է համացանցում ահաբեկիչների գործունեությանը, հայտնել է Վիեննայում տեղի ունեցած հարձակումներին ջիհադիստների մասնակցության մասին, գրում է Интерфакс-ը:

Կայքի տվյալներով՝ ջիհադիստները հայտարարում են, որ Վիեննայում հարձակումը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ «ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող կոալիցիայում Ավստրիայի մասնակցության համար վճարն է»:

Արդեն հայտնել էինք, որ նվազագույնը 15 մարդ տուժել է, ևս երկուսը մահացել են Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով:

Հրաձգությունը սկսվել է Շվեդենպլաց հրապարակից ոչ հեռու գտնվող, քաղաքի գլխավոր սինագոգի մոտ: Կանցլեր Սեբաստիան Կուրցը հաստատել է, որ ոստիկանությունը տեղի ունեցածը դիտարկում է որպես ահաբեկչություն, մահացել է նվազագույնը 1 անցորդ: Ի սկզբանի համարվում էր, որ հարձակվողների թիրախը սինագոգն է, սակայն դեռևս այս հաղորդումները հաստատված չեն:

Առկա տեղեկություններով՝ հարձակվողները մի քանիսն են եղել, նրանցից մեկը ոչնչացված է: Ահաբեկիչները կիրառել են երկարափող զենք: Հանցագործների հայտնաբերման գործողությունը շարունակվում է, դրանում ներգրավված են քաղաքի ոստիկանության մեծ մասը և զինվորականներ:

Հաղորդվում է, որ կրակոցներն ընթացել են Վիեննայի 6 կետերում: Ավստրիայի ՆԳՆ-ից նաև հաղորդել են, որ ընդլայնել են ահաբեկիչների հայտնաբերման համար հատկացված գոտին, քանի որ չեն բացառում, որ նրանք կարող էին լքել Վիեննան: