Այլևս չմասնակցել Ադրբեջանի հետ որևէ բանակցության, ձեռք չբերել որևէ պայմանավորվածություն, քանի դեռ…

Ի վերջո, սա ի՞նչ կապիկություն կամ «կլոունադա» է…

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին էլ ի՞նչ է պետք համոզվելու համար, որ Ադրբեջանի հետ ցանկացած մակարդակով ու ձևաչափով պայմանավորվածությունը, որը թեկուզ մասամբ կբխի Արցախի և Հայաստանի շահերից, հայկական զույգ պետությունների անվտանգության հրամայականից, անիմաստ է, որովհետև այդ պետությունը, միևնույն է, այդ պայմանավորվածությունը չի պահպանելու, ինչպես անցյալում բազմիցս չի պահպանել:

ՀՀ արտգործնախարարին էլ ի՞նչ է պետք համոզվելու համար, որ ագրեսորի ու զոհի միջև հավասարություն դնող, այսինքն` արդարության վրա թքած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը մեր մատից փուշ հանողը չէ, քանի որ, վերոնշյալից բացի, Ադրբեջանի նկատմամբ, չկարողանալով կամ չցանկանալով, չձեռնարկեց որևէ միջոց այն բանից հետո, երբ իր միջնորդությամբ հոկտեմբերի 29-ին ձեռք բերված պայմանավորվածություններից ժամեր անց Ադրբեջանը հերթական անգամ կոպտորեն խախտեց այդ պայմանավորվածությունները:

Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն իր միջնորդությամբ կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների այս էլ որերորդ անգամ խախտումից հետո Ադրբեջանի հանդեպ չի ձեռնարկում որևէ միջոց (այլ խնդիր է` չկարողանալո՞ւ, թե չցանկանալու պատճառով…), կամ այդ կապակցությամբ համապատասխան միջնորդությամբ չի դիմում համանախագահող երկրներին, նույնիսկ չի հայտարարում, որ Ադրբեջանն է խախտել պայմանավորվածությունները (նվազագույնը գոնե դա պեռք է աներ), այսինքն` շարունակում է գնալ ինքնահեղինակազրկման, ինքնավարկաբեկման ճանապարհով, այլևս ի՞նչ հույսեր կապել նրա հետ, և գոնե այսուհետ ինչո՞ւ մասնակցել այդ բանակցություններին:

Խնդիրը սոսկ այն չէ, որ Եվրոպա կամ արտերկիր հիշյալ բանակցություններին մասնակցելու նպատակով ՀՀ արտգործնախարարի ուղևորվելու համար ծախսվելու  են հարկատուներիս միջոցները, որոնցով կարելի է մի քանի զրահաբաճկոն գնել մեր զինվորների համար, թշնամու գնդակներից կամ արկի բեկորներից փրկել մի քանի կյանքեր:

Խնդիրը նաև այն է, որ եթե ՀՀ արտգործնախարարը կամ Հայաստանից որևէ այլ պաշտոնյա այսուհետ շարունակեն մասնակցել այդ բանակցություններին, Մինսկի խմբի եռանախագահությունը, կամա թե ակամա, տպավորություն է ստեղծելու, թե հրադադար հաստատելու և հիմնախնդրի բանակցային լուծմանը հասնելու համար իր միջնորդությամբ ինչ-ինչ աշխատանքների կատարումը շարունակվում է:

Դե, եթե շարունակվում է, եռանախագահող պետություններն իրենց պարտավորված չեն զգալու Արցախի խաղաղ բնակչության հանդեպ ոճրագործությունների համար Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, և իրենց անգործությունը, հարկ եղած դեպքում, բացատրելու են, փորձելու են արդարացնել բանակցություններում հավասարակշռություն պահպանելու և բանակցային գործընթացը չտապալելու ձգտմամբ: Մի՞ թե սա ենք ուզում… Մի՞ թե ուզում ենք, որ ասեն` բանակցություններ են ընթանում, պետք է սպասել արդյունքին, իսկ արդյունքն ամեն անգամ լինի զրո, ինչպես արդեն բազմիցս համոզվել ենք:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ (Իգոր Պոպովը ՌԴ-ից, Ստեֆան Վիսկոնտին Ֆրանսիայից և Էնդրու Շոֆերը ԱՄՆ-ից) օրերս, ինչպես հայտնի է, համատեղ հայտարարություն տարածեցին, որի համաձայն, Հայաստանն ու Ադրբեջանը Ժնևում հոկտեբերի 30-ին կայացած հանդիպումների արդյունքում համաձայնել, պայմանավորվել են մի շարք հրատապ քայլեր կատարել, այդ թվում՝ դադարեցնել քաղաքացիական բնակչության միտումնավոր թիրախավորումը։ Հայտարարությունում մասնավորապես նշված է.

«Հրադադարի կամ այլ պարտավորությունների իրականացմանը զուգահեռ ու առանց դրանց վնասելու, կողմերը պայմանավորվել են անհապաղ կատարել մի շարք քայլեր, այդ թվում.

  • Միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն, դիտավորությամբ չթիրախավորել քաղաքացիական բնակչությանը և ոչ ռազմական օբյեկտները։
  • Ակտիվորեն մասնակցել ռազմի դաշտում աճյունների նախապատրաստման և փոխանակման իրականացմանը՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին տրամադրելով անվտանգության անհրաժեշտ երաշխիքներ։
  • Մեկ շաբաթվա ընթացքում Կարմիր Խաչին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին տրամադրել ռազմագերիների ցուցակը՝ հասանելիության ապահովման և հետագա փոխանակման նպատակներով։
  • Հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 2-րդ կետին համապատասխան, գրավոր ներկայացնել հրադադարի վերիֆիկացիայի հնարավոր մեխանիզմների հետ կապված դիտարկումներ և հարցեր»:

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարության 2-րդ կետում նշված էր, որ հրադադարի առավել հստակ պայմանները դեռ պետք է համաձայնեցվեն։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 30-ի հայտարարությունից պարզ է դառնում, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մոսկովյան հանդիպումից ու հոկտեմբերի 10-ի հիշյալ հայտարարությունից դեռ նույնիսկ 20 օր հետո էլ հրադադարի առավել հստակ պայմանները, հրադադարի վերիֆիկացիայի (հրադադարի վերաբերյալ կողմերի հանձնառության կատարման գործնական ստուգման) հնարավոր մեխանիզմները դեռ ոչ միայն համաձայնեցված չեն (էլ չենք խոսում ներդրման մասին…), այլև կողմերն իրենց դիտարկումներն և հարցերն էլ դեռ չեն ներկայացրել հրադադարի վերիֆիկացիայի հնարավոր մեխանիզմների վերաբերյալ, ըստ հոկտեմբերի 30-ի պայմանավորվածության, դրանք դեո նոր են ներկայացնելու:

Բնականաբար, հարց է առաջանում, թե կողմերը (կամ` կողմերից մեկը) մինչև հոկտեմբերի 30-ը, անցած 20 օրվա ընթացքում նշված գործից կարևոր ի՞նչ գործով են զբաղվել, որ վերոնշյալ խնդրով զբաղվելու, այն լուծելու ժամանակ, հնարավորություն չեն ունեցել: Իսկ եթե ցանկություն չեն ունեցել, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարության մեջ ինչո՞ւ չեն քննադատել, դատապարտել ա՛յն կողմի անգործությունը, որը չի կատարել մոսկովյան հայտարարության 2-րդ կետով նախատեսվածը` հրադադարի առավել հստակ պայմանների համաձայնեցումը, չնայած նրան, որ այդ ընթացքում երկու կողմից էլ բազմահազար մարդիկ են զոհվել, հաշմվել, վիրավորվել:

Սա հռետորական հարց է, որովհետև պատճառը պարզ է` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ինչպե՞ս կարող էին քննադատել, դատապարտել, երբ իրենք նույնպես մասնակից են այդ հանցավոր անգործությանը: Ավելին. նրանք արդեն 4 տարի է, ինչ Ադրբեջանից չեն պահանջում կատարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները հրադադարի վերահսկման, վերիֆիկացիայի մեխանիզմների ներդրման վերաբերյալ, իսկ եթե նույնիսկ ինչ-որ տեղ կիսաձայն պահանջել են, ապա հաստատապես չեն եղել հետևողական այդ հարցում:

Ինչպես ՀՀ ԱԳՆ-ից են հայտնել News.am-ին, նախարար Մնացականյանը հոկտեմբերի 30-ին ժնևյան հանդիպման ընթացքում ընդգծել է վերիֆիկացիոն մեխանիզմների դերը հրադադարի հաստատման ու պահպանման գործում: Շատ ճիշտ ու լավ է արել, որ ընդգծել է, թերևս բոլորն էլ հասկանում են նշված մեխանիզմների դերն ու ներդրման կարևորությունը, բայց հետո՞…

Ի վերջո, սա ի՞նչ կապիկություն կամ «կլոունադա» է. եթե ԵԱՀԿ Մինսկի համանախագահ պետությունների միջև հրադադարի և հիմնախնդրի խաղաղ կարգավորման առնչությամբ ոչ թե տարաձայնություններ, հակասություններ կան, այլ առկա է փոխըմբռնում ու համաձայնություն, ապա, ի՞նչ է, աշխարհի գերտերությունները, նրանց հետ էլ միջուկային տերություն հանդիսացող Ֆրանսիան այնքան անզո՞ր են, որ չեն կարողանում կարգի հրավիրել Ադրբեջանին ու ստիպել կատարել ստանձնած պարտավորությունները, իրենց իսկ միջնորդությամբ ու մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները…

Դեռ 80-ական թվականներին ԱՄՆ-ի հետախուզությունը հրապարակեց Բրեժնևի արբանյակային լուսանկարը` Ղրիմի թերակղզու ամառանոցում նստած, «Պրավդան» կարդալիս: Նույնիսկ թերթի տառերն էին երևում: Նույն հնարավորությունն ուներ և ունի նաև Ռուսաստանը, ու սա դեռ` 80-ականներին: Հետո Ֆրանսիան էլ ձեոք բերեց այդ հնարավորությունը: ԵԱՀԿ Մինսկի համանախագահները հրադադարի ի՞նչ վերիֆիկացիայի մեխանիզմների մասին են խոսում, երբ տիեզերքից իրենց արբանյակների միջոցով արված լուսանկարներից շատ լավ գիտեն ու կարող են իմանալ, թե առաջինը Հայաստանի՞ց, թե Ադրբեջանից են կրակել հրանոթները, տանկերը, «Սմերչ»-ները…

Ադրբեջանը շատ լավ հասկացել է, որ այն, ինչով զբաղված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, իրեն բնավ հետ չի կարող պահել Արցախի բնակավայրերը, խաղաղ բնակչությանը, քաղաքացիական ենթակառուցվածքներն ամեն օր զանգվածային կերպով հրթիռակոծելու, ռմբակոծելու, Արցախը հայաթափելու քայլերից և իր ցեղասպան մտադրությունից, որը փորձում է իրականացնել Թուրքիայի հետ միասին: Հասկացել է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միջոցներ չի ձեռնարկելու նույնիսկ Թուրքիայի կողմից Ադրբեջան և իր կողմից Արցախ տեղափոխվող հազարավոր ահաբեկիչների, վարձկանների առնչությամբ: Եվ գործում է լկտի և անպատիժ, պատժվում միայն հայերիս կողմից…

Հոկտեմբերի 31-ին հայտնի դարձավ, որ նույն օրվա առավոտյան, ժամը 07:08-ի սահմաններում հակառակորդը, խախտելով Ժնևում՝ խաղաղ բնակավայրերը չթիրախավորելու մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովի (Հայաստանի և Ադրբեջանի) ձեռք բերած պայմանավորվածությունը,  հրթիռակոծել է Ստեփանակերտն ու Շուշին: Ստեփանակերտում թշնամական ուժերի թիրախում հայտնվել են կենտրոնական շուկան ու մեկ բնակելի տուն, Շուշիում հակառակորդի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչությունից մարդիկ են վիրավորվել:

Նույն օրը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան իր էջում անգլերենով գրառում կատարելով, հայտարարեց. «Ադրբեջանն այս անգամ ֆոսֆորային զինամթերք է օգտագործել Արցախում՝ անտառների վրա, բնակավայրերի մոտակայքում, որտեղ բազմաթիվ խաղաղ բնակիչներ են ապրում:

Այն, ինչ անում է Ադրբեջանը, ստանձնած պարտավորությունների նկատմամբ լիակատար անհարգալից վերաբերմունք, շարունակվող ագրեսիա, խաղաղ բնակչության ոչնչացում և արգելված զենքի օգտագործում է»:

ՀՀ արտգործնախարարն իրականությունը, ընդհանուր առմամբ, ճիշտ է ներկայացրել, միայն թե «նկատմամբ» բառից հետո բաց է թողել «հերթական անգամ» բառերը, իսկ «լիակատար անհարգալից վերաբերմունք»-ն էլ այս դեպքում շատ մեղմ է ասված:

Բացի թվիթերյան հիշյալ գրառումից, Մնացականյանն օրերս «Sputnik International»-ի հետ հարզացրույցում նշել է.

«Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել ԵԱՀԿ մշտադիտարկման խմբի ընդլայնման և հրադադարի հետաքննության մեխանիզմի հաստատման վերաբերյալ, սակայն հետագայում Ադրբեջանը հրաժարվեց իրագործել այս պայմանավորվածությունը: Սա ի ցույց է դնում, որ ոչ երեկ, և ոչ էլ այսօր Ադրբեջանը հետաքրքրված չէ կայուն ու վերահսկելի հրադադարի հաստատմամբ»։

ՀՀ արտգործնախարարը նկատի ունի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնք, ի դեպ, վերաբերում են նաև ԵԱՀԿ մշտադիտարկման խմբի իրավասությունների ընդլայնմանը, շփման գծում տեխնիկական այնպիսի միջոցների տեղադրմանը, կիրառմանը, որոնք թույլ կտան արձանագրել, թե առաջինը որ կողմն է խախտել հրադադարը:

Նկատի ունենալով Զոհրաբ Մնացականյանի վերոնշյալ հայտարարությունները և, ընդհանրապես, վերը շարադրվածը, ժամանակն է արդեն հետևություն կատարելու, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կամ որևէ այլ ձևաչափով Ադրբեջանի հետ բանակցելը և ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերելը ոչ միայն անիմաստ են, ոչ միայն ժամանակի ու միջոցների վատնում են, այլև վնասակար այն իմաստով, որ այդ բանակցությունները երևութականություն կամ պատրանք են ստեղծում, թե հրադադարի հաստատման, խնդրի խաղաղ կարգավորման ինչ-որ գործընթաց կա, պետք է սպասել դրա արդյունքին, մինչդեռ այդ գործընթացն իրականում չկա, այդ ուղղությամբ ցանկացած նախաձեռնություն, դեռ նոր ծնված, վիժեցվում է Ադրբեջանի կողմից:

Պարզ է և անվիճելի, որ քանի դեռ չկան, ավելի ճիշտ, քանի դեռ չեն կիրառվում վերֆիկացիայի մեխանիզմներ, ավելին` քանի դեռ, դրան զուգահեռ, ասպարեզում չկան հրադադարի ռեժիմի չափորոշիչները և սահմանված չէ, թե հրադադարն առաջինը խախտած կողմը միջազգային հանրության կամ գոնե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից ինչ պատասխանատվության է ենթարկվելու, նրա նկատմամբ ինչ պատժամիջոցներ են կիրառվելու, հրադադար լինել չի կարող:

Կարող է հարց առաջանալ, թե արդյոք պե՞տք է բանակցություններից հրաժարվել նույնիսկ այն դեպքում, եթե դրանք հրավիրվեն հենց վերֆիկացիայի մեխանիզմների և հրադադարի ռեժիմի չափորոշիչների մշակման կամ համաձայնեցման շուրջ Ադրբեջանի հետ բանակցելու, երկուստեք պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով: Այո՛, քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները կամ ՀՀ-ին բանակցությունների հրավիրողները (հրավիրողը) Հայաստանին երաշխիք չեն տվել, որ Ադրբեջանը պահպանելու է ձեռք բերված պայմանավորվածությունները, ու նախապես չեն սահմանել ու հայտարարել, թե պայմանավորվածությունները խախտող կողմի նկատմամբ ինչ պատժամիջոցներ են կիրառվելու:

Արթուր Հովհաննիսյան