Կապ չունի ադրբեջանական կայքերը ճիշտ են գրում, թե սուտ․ պետք է հիշենք, որ այդ ինֆորմացիան մեզ խփելու համար է․ փորձագետ

Ադրբեջանն ու կորոնավիրուսը լիքը ընդհանրություններ ունեն։

Օրինակ՝ կորոնավիրուսն ամենից շատ մարդկանց կուտակումներում ա վնաս տալիս։ Ադրբեջանի հարվածային անօդաչուն էլ։ Երկու դեպքում էլ ինչքան շատ իրար գլխի հավաքվենք, այնքան մեծ է հավանական վնասը։

Երկու դեպքում էլ ճիշտը դիստանցիա պահելն է։

Մեկ այլ օրինակ՝ կորոնավիրուսը թքած ունի, թե դուք լևոնական եք, նիկոլական, սորոսական, սերժական թե ռոբական, ակադեմիկոս եք, թե բիսեդկի դեմը պպզող, պայծառ ու խոստումնալից երիտասարդ եք, թե հարբեցող, բոլորին վարակում-խփում է։

Ադրբեջանի համար էլ որևէ տարբերություն չկա. մենք բոլորս իր թշնամին ենք։

Ինչո՞ւ եմ այս ապուշ համեմատություններն անում։

Որպեսզի ձեր ուշադրությունը գրավեմ։

Եւ այն գրավելուց հետո բոլորիդ խնդրեմ, որ ադրբեջանական կայքեր չմտնեք։ Անկախ այն բանից, թե ինչ են գրում և ինչքան եք դժգոհ Հայաստանի պաշտոնական ինֆոյից։

Կապ չունի ադրբեջանական կայքերը ճիշտ են գրում, թե սուտ։ Միշտ պետք է հիշենք, որ այդ ինֆորմացիան մեզ իրազեկելու համար չէ, մեզ ճիշտը բացատրելու համար չէ, այլ մեզ խփելու։ Եթե տեսնում եք կայքի հասցեում .az, ուրեմն նաֆիգ, պետք չի կարդալ։ Իհարկե, նաև այլ կայքեր էլ ունեն (օրինակ՝ .com, .net և այլն), բայց դե գոնե .az-ը միանշանակ ինդիկատոր է, որ պետք չի կարդալ։

Նույնը՝ Ադրբեջանի ՊՆ վիդեոները։

Հենց զգացիք, որ ուզում եք մտնել որևէ .az կայք կարդալու, անմիջապես պատուհանը բացեք, թող թարմ օդ մտնի։

[Հա, ու նկատեք, որ կորոնավիրուսի պայմաններում էլ է շատ օգտակար փակ տարածքները հաճախ օդափոխելը… Կներեք, չդիմացա։]

Առողջ եղե՛ք։

Ռազմինֆո մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից։