Արաքչին ներկայացրել է Անկարա այցի մանրամասները

Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբբաս Արաքչին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման  Իրանի նախաձեռնությունը ներկայացնելու նպատակով մեկնել է Անկարա, հանդիպել Թուրքիայի ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնարի հետ: Կողմերը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

«Անկարայում մենք Թուրքիայի ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնարի հետ  բաց ու օգտակար քննարկում ունեցանք: Իրանը և Թուրքիան երկու հիմնական դերակատարներնն են, որոնք անհերքելի դեր ունեն տարածաշրջանի խաղաղության և կայունության հարցում»,- Արաքչին նշել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«ՌԻԱ նովոստի» գործակալությանը տրված հարցազրույցում՝ Արաքչին ասել է, որ Թեհրանի խաղաղության ծրագիրը հիմնվում է «տարածաշրջանային երկրների, այդ թվում Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցության վրա»։

Հոկտեմբերի 29-ին Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալը Երևանում հանդիպել էր ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, իսկ հոկտեմբերի 30-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: