ՄԱԿ ԱԽ-ը կարող է վերսկսել քննարկումները ԼՂ վերաբերյալ. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է վերսկսել քննարկումները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, եթե հակամարտության գոտում իրավիճակը սրվի:  Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասուլիսում հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:

«Չեմ կարող բացառել, որ եթե իրավիճակը վատթարանա, Անվտանգության խորհուրդը կարող է նորից վերադառնալ հարցին և դիտարկել այն: Եթե իրավիճակը սրվի, և եթե հակամարտությունը շարունակի միջազգայնանալ, ինչպես լսում ենք բազմաթիվ մեջբերումներից, կտեսնենք, թե ինչ ենք անելու»,-ասել է նա:

Ռուսաստանցի դիվանագետը հույս է հայտնել, որ կողմերը կկատարեն ձեռք բերված պայմանավորվածությունները, առաջին հերթին`զինադադարի համաձայնությունները: Նա նաև հույս է հայտնել, որ դրան կհաջորդի քաղաքական գործընթացը: Նա նաև նշել է, որ Ռուսաստանը սերտ հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ և հսկայական սփյուռք ունի՝ ինչպես հայերի, այնպես էլ ադրբեջանցիների: «Այնպես որ, մեզ համար դա հատուկ խնդիր է, որն արձագանք է գտնում մեր սրտերում»,- եզրափակել է նա:

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ավելի վաղ՝ հոկտեմբերի 20-ին արդեն փակ նիստով քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմի նկատմամբ վերահսկողության ապահովման անհրաժեշտությունը: