ՀՀ ԶՈՒ կիրառում է ԱԹՍ-ներ․ Արծրուն Հովհաննիսյան

Կապանի ուղղությամբ այսօր մարտական գործողություններ եղել են, և Ադրբեջանի ԶՈՒ հրետանային միջոցներից կրակ արձակվել է այս ուղղությամբ․ կան կոնկրետ հետևանքներ։ Այս մասին հայտնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«ՀՀ ԶՈՒ կիրառում է ԱԹՍ-ներ։ Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ պատերազմական հանցագործության և արգելված զինատեսակների կիրառության մասով հարցերը պետք է լինեն աշխարհի ուշադրության կենտրոնում։ Արցախի լեգիտիմ իրավունքն է ոչնչացնել ադրբեջանական այն կրակակետերը, որ թիրախավորում են Արցախի խաղաղ բնակչությունը։ Ադրբեջանի պատերազմական հանցագործություններից հետո ծիծաղելի է խոսել Ադրբեջանի պետության և Արցախի հայության խաղաղ համակեցության մասին»,-հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հղում անելով Արծրուն Հովհաննիսյանին։

Հովհաննիսյանը նշեց, որ իրենց ունեցած հավաստի տվյալների համաձայն՝ ահաբեկչական հրոսակախմբերը Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից օգտագործվում են որպես թնդանոթի միս, որպես ականադաշտերը հաղթահարելու կենդանի, որպես առաջին շարքի մեր բնագծերը, պատնեշները հաղթահարելու միջոց։

«Գերեվարված այլ ահաբեկիչների թիվ չեմ կարող նշել այս պահին։ Եթե անհրաժեշտություն լինի, ՊՆ-ն կներկայացնի։ Եվ կարող են լինել մարդիկ, որոնց չեն կարող ցուցադրել»,-նշել է նա։