Ադրբեջանն օրվա ընթացքում հարձակումներ է ձեռնարկել մի քանի ուղղություններով. մարտերը շարունակվում են

Ադրբեջանական բանակը, նրան աջակցող թուրքական ուժերն ու վարձկան ահաբեկիչներն Արցախի դեմ սանձազերծած պատերազմում օրվա ընթացքում հարձակումներ են ձեռնարկել մի քանի ուղղություններով: Այս մասին հոկտեմբերի 30-ին կայացած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այսօր վաղ առավոտյան` ավելի վաղ, նույնիսկ, քան երբևէ սովորաբար լինում է, Ադրբեջանի զինուժը հարձակում է ձեռնարկել մի քանի ուղղություններով: Նախ, հյուսիսային ուղղությամբ, ոչ երկարատև հրետանային պատրաստությունից հետո, հետևակային ուժերով փորձել են գրոհել մի քանի դիրքերի ուղղությամբ: Անմիջապես կոտորվել են, կրել են լուրջ կորուստներ, հետ են շպրտվել` դաշտում թողնելով զգալի թվով դիակներ»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ մարտերը շարունակվել են նաև հարավային ուղղությամբ:

«Կենտրոնական ուղղությամբ ընթացել են երկու առանձին գործընթացներ: Առաջինը` Մարտունու Ճարտար համայնքի ուղղությամբ փորձել են ռազմաճակատը ճեղքել, մեր ԶՈւ-ն չի ընկրկել: Այս պահին դիրքային փոփոխություն այս ուղղությամբ չկա, բայց մարտերը համառ են: Շուշիի մերձակա անտառային մի քանի գյուղերի ուղղությամբ մարտերը ևս շարունակվում են»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: