Արցախյան փառահեղ դիմադրությունը՝ համաշխարհային նոր քարտեզագրման խոչընդոտ

Պատերազմի մեջ գտնվող արցախահայությունը, կրելով անասելի մարդկային կորուստներ, անդրդվելի է իր՝ մինչև վերջ պայքարելու և հող չզիջելու դիրքորոշման մեջ։ Այս փաստն արձանագրվեց հասարակության բացասական ռեակցիայով՝ փոխզիջումների մասին ակնարկին, և համայն հայությունը միաբերան պնդում է, որ զինվորների անձնվեր պայքարը պետք է ամրագրվի թղթի վրա՝ առանց որևէ զիջման։

Այսուհանդերձ, այս պատերազմում յուրաքանչյուր գերտերություն մնում է իր իսկ հետաքրքրությունների շրջանակներում։

Որոշ մեգակորպորացիաներ Կովկասում գունավոր հեղափոխություններ իրականացնելուց հետո մարդկության համար մինչ այժմ անհայտ ծագման համավարակի տարածման ժամանակահատվածը համարեցին պատեհ առիթ՝ (երկրների հյուծման առումով) համաշխարհային քարտեզում նոր գծագրումներ անելու համար։

Հարավային Կովկասի և դրանից հարավ-արևելքում գտնվող երկրների բնական պաշարները բնականաբար չէին կարող դուրս մնալ որոշ կորպորացիաների շահերի տիրույթից։

Արցախյան հակամարտությունը թիրախ դարձնելով և օգտվելով Բաքվի բռնապետի անհեռատես, նվաճողական ցանկություններից, համաշխարհային խոշոր խաղացողները, Էրդողանի միջոցով խամաճիկ դարձնելով նրան, փորձում են ուժերի վերադասավորումներ կատարել տարածաշրջանում։

Սակայն, հերոսական պայքարը, ինչպես նաև տարածաշրջանային երկրների խոհեմությունը կասեցնում են այդ պլանի իրագործումը։

Ռուսաստանը՝ որպես տարածաշրջանային առաջատար և Հայաստանի ռազմավարական դաշնակից, դիմել է գործնական քայլերի և ավելի լայնածավալ միջոցառումներ կձեռնարկի տարածաշրջանային վտանգի մեծացման դեպքում։

Հարևան Իրանը՝ Արցախի և Նախիջևանի սահմաններին զորքերի տեղակայման միջոցով ի ցույց է դնում պատրաստակամությունը ամեն գնով պահպանելու համաշխարհային քարտեզի ներկա սահմանագծումները։

Պարսից ծոցի երկրները, (ԱՄԷ, Սաուդյան Արաբիա) զգալով թուրքական հաղթանակի դեպքում իրենց սահմաններին սպառնացող վտանգները, ձեռնարկում են միջոցառումներ՝ (տնտեսական էմբարգո) դատապարտելով Թուրքիայի գործողությունները։

ԱՄՆ՝ կապված օրերս կայանալիք նախագահական ընտրությունների հետ, որոշակի զգուշավորություն է պահպանում, սակայն Թրամփի հաղթանակի դեպքում միանշանակ առավել կակտիվացնի իր ներգրավվածությունը խնդրի կարգավորման գործում։

Եվրոպական որոշ «մարդասիրական» կառույցներ, չնայած Ֆրանսիայի խաղաղասիրական և հայամետ կոչերին, կարծես աչք են փակում Արցախում՝ խաղաղ բնակչության հանդեպ կատարվող հանցագործության վրա։

Թուրքիան էլ, ստանալով Իսրայելի ռազմաքաղաքական օժանդակությունը, առայժմ կառավարում է Բաքվի խամաճիկին։

Աշխարհաքաղաքական խոշոր կենտրոնների՝ ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի գործողություններին զուգահեռ բավականին խորհդավոր լռությամբ մարկության հանդեպ կատարվող ոճրագործությանը հետևում է Ադրբեջանի հետ տնտեսական կապերով հայտնի Մեծ Բրիտանիան։

Մարդասիրական կեղծ կեցվածքով և գաղափարախոսությամբ տարիներ շարունակ գովազդվող որոշ երկրներ և կառույցներ այլևս իրավունք չունեն խոսելու համամարդկային արժեքներից։

Արձանագրված փաստ է, որ հայրենասիրության, սեփական տունը պաշտպանելու և հայրենի հողը չզիջելու իդեալոգիան, չնայած մարդկային կորուստներին, հաղթում է միլիարդավոր դոլարների սպառազինությանը։

Հ.Գ. ՏԱՐԱԾՔԸ, ՈՐԸ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ Է ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԱՐՅԱՆ ԳՆՈՎ, ՍՈՍԿ ՀՈՂԱԿՏՈՐ ՉԷ, ԱՅԼ՝ #ՀԱՅՐԵՆԻՔ, ՈՐԸ ՉԵՆ ԶԻՋՈՒՄ:

Լևոն Մնացականյանի ֆեյսբուքյան էջից