Անկարան անկողմնակալ դերակատար չէ ԼՂ հակամարտության համատեքստում. Զոհրաբ Մնացականյան

Անկարան անկողմնակալ խաղացող չէ  Լեռնային  Ղարաբաղի հակամարտության համատեքստում: «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Թուրքիան այս հակամարտությունը դիտարկում է որպես մեկ այլ հարևան տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում իր ազդեցությունը նախագծելու հնարավորություն: Հակամարտությունը օգտագործելու և իր իշխանությունը նախագծելու համար տարածաշրջանի ժողովուրդներին մարդկային մեծ տառապանքներ պատճառելու այդպիսի քաղաքականությանը պետք է դիմադրել, այլ ոչ թե խրախուսել»,- ասել է Մնացականյանը:

ԱԳ նախարարն այսպես է պատասխանել հարցին՝ Երևանը կհամաձայնի՞ Լեռնային Ղարաբաղի հարցում Թուրքիայի ներգրավմանը։

Ըստ նախարարի՝ որևէ մեկը, ներառյալ Թուրքիան, չի կարող ասել, որ այդ երկիրը գործել է որպես անկողմնակալ կամ չեզոք դերակատար Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում:

«Հենց Թուրքիան մերժեց հոկտեմբերի 1-ին ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների կողմից հայտարարված մարտական գործողությունների անհապաղ դադարեցման կոչը, մինչև Ադրբեջանն այդ կապակցությամբ կարծիք կարտահայտեր», – ընդգծել է Մնացականյանը: