Ռազմական ավիացիա է կիրառվել Ասկերան, Մարտակերտ և Մարտունի քաղաքներում. ԱՀ ԱԻՊԾ

Օրվա ընթացքում Արցախի խաղաղ բնակավայրերը եղել են թշնամական ուժերի թիրախում։

Լուսաբացին հրթիռակոծվեց Ստեփանակերտը։ Ամբողջությամբ ավերվել է բնակելի մեկ տուն։ Տան տերն ու հարևանը վիրավորվել են։ Հարվածից վնասվել են գազատար խողովակն ու էլեկտրական լարերը և մեկ ավտոմեքենա։ Կեսօրին ևս «Սմերչ» կայանքից հրթիռներ են արձակվել մայրաքաղաքի ուղղությամբ։

Կեսօրին Ադրբեջանը հրթիռակոծել է բերդաքաղաք Շուշին։ Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ։ Թշնամին նաև նյութական վնասներ է պատճառել խաղաղ բնակչությանը։

Ռազմական ավիացիա է կիրառվել Ասկերան, Մարտակերտ և Մարտունի քաղաքներում։ Տուժածներ այստեղ չկան։ Ավիահարվածներից քաղաքներում և հարակից բնակավայրերում ավերվածությունները շատ են։

Գրեթե բոլոր բնակավայրերում այսօր մի քանի անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը։

ԱՀ ԱԻՊԾ