Փորձառու բանակցող է պետք

Այն, որ ղարաբաղյան ճակատում որոշվում է Մերձավոր Արևելքի ապագա վերադասավորության  հարցը, բոլորն են հասկանում, ու որ այդպես էլ չհաստատվող հրադադարը առանձնապես չանհանգստացրեց Պոմպեոին ու մի քանի օր հետո ընտրությունների գնացող Թրամփին, որն ի դեպ նաև  շնորհավորել էր կողմերին` հրադադարի «հաստատման» համար, ինքնին հասկանալի է, որովհետև  Ղարաբաղը լոկացիա և  պատուհան է` դեպ Իրան, մի կողմից, մյուս կողմից` Ռուսաստանին տարածաշրջանից հանելու «միջանցք», ուստի Նահանգները, որ Հայաստանում Սորոսով «ընտրեց» հարկավոր իշխանություն` հատկապես այս օրերի համար, անհանգստանալու ոչինչ չունի, եթե չասենք` հակառակը, գործընթացները իր սրտով են, և  ամենամեծ շահառուն հենց ինքն է այս մեծ խաղում:

Բանն այն է, որ իր կողմից վերահսկողության տակ առած տարածքներում Ադրբեջանը` Թուրքիայի թաթով ահաբեկիչների խմբավորումներ է տեղակայում, ինչն ամբողջովին փոխում է ոչ միայն Ղարաբաղի, այլև տարածաշրջանի ողջ «լանդշաֆտը», առաջին հերթին Իրանի մասով:

Այս մեծ խաղում ազերաթուրքական մարդակեր ոհմակը փաթեթով լուծում է մի շարք հարցեր. պանթուրքիստական, ղարաբաղյան «գրավյալ» տարածքների մի մասի  վերադարձի, Իրանի նկատմամբ ահաբեկչական լոկացիայի, որն ապագայում, երբ ամերիկյան և  իսրայելական վարչակազմը կորոշի, որ հասել է Իրանի ­«ժամը», Թուրքիային կրկին կդարձնի կենտրոնական խաղացող, ապաև` ղարաբաղյան ռանդևուով Թուրքիան «առևտուր» կարող է անել Ռուսաստանի հետ` Սիրիայում, ինչն արդեն սկսել է:

Ուստի զարմանալ պետք չէ, որ Պոմպեոն ու Թրամփը, ի տարբերություն Պուտինի ու Մակրոնի, չեն անհանգստանում հրադադարի համար:

Փոքր-ինչ անհանգիստ է Ալիևը, որովհետև  հյուծող պատերազմը, որը դաշտավայրից «մտել» է արդեն լեռնային ու անտառային տարածքներ, և  հայկական կողմի վերադասավորվելու, վերակազմակերպվելու շնորհիվ «կանգ» է պարտադրում Իսրայելի-Թուրքիայի-ահաբեկիչների հզոր աջակցությունն ունեցող Ադրբեջանին, հնարավոր է շրջադարձային պահեր ունենալ, և  վերահսկողության տակ գտնվող տարածքները (որոնցից մեկի մասին նախորդ օրը խոսք էր գնում) կրկին հայտնվեն հայկական վերահսկողության ներքո:

Ի դեպ. սա իսկապես շատ է վախեցնում Ադրբեջանի Իլհամին, և  բացի թրքական խորամանկությունից, որ ներկա գտնվի բոլոր հանդիպումներին, համաձայնի հրադադարի, բանակցային գործընթացների հետ, նաև  վախն է խոսում նրա մեջ` վերջապես ձեռք բերած որոշակի հաջողությունների համար, ուստի վերջինս առաջ է քաշում իր «ճանապարհային ռոմանտիկ քարտեզը»` Մադրիդյան սկզբունքների աստառով, թե առաջին փուլը՝ շրջանների վերադարձի, արդեն ավարտվել է, հերթը Լաչինինն ու Քելբաջարինն է:

Աբսուրդ:

Այնուհանդերձ, պետք է արձանագրենք, որ այո, հայ ժողովրդի թշնամին (ինչպես ժամանակին արձանագրել է ՀՀ նախագահներից մեկը) առաջին հերթին ոչ թե թուրքն ու ադրբեջանցին են, այլ միջազգային հանրությունը, միջազգային հանրության լուռ համաձայնության ու գործուն քայլերի պակասի պատճառով է այս ամենը` Ստեփանակերտի ծննդատան, հիվանդանոցի, Շուշիի եկեղեցու ռմբակոծում… տեղի ունենում:

Բոլոր դեպքերում  հայաստանյան ներքին իրավիճակն էլ լավագույններից չէ: Չենք անդրադառնալու այս խնդրին, պահպանելու ենք ընդդիմադիրներիս կողմից հայտարարված մորատորիումը` արձանագրմամբ, երբեք օրվա իշխողը հոժարակամ հրաժարական չի տա, մանավանդ որ առաքելությամբ է այդ աթոռին «հանգրվանել» (այս մասին շատ ենք խոսել, ու հաղթանակից հետո` դեռ ասելիք ունենք):

Սակայն կա գերագույն խնդիր. բոլոր դեպքերում, այո, հյուծիչ այս պատերազմը դեռ երկար է շարունակվելու (մինչև  «միջազգայինն» ու տարածաշրջանային ուժերը վերադասավորվեն այս ամենի շուրջ, ԱՄՆ ընտրությունները, որոնք նույնպես երկար են տևելու, ավարտվեն): Բոլոր դեպքերում ընթանում են դիվանագիտական գործընթացներ, բանակցություններ:

Մեզ օդի-ջրի նման անհրաժեշտ է կոլեգիալ մարմին, «ուղեղային կենտրոն»`  բանակցություններում ամեն դետալը հաշվարկված, մաթեմատիկական ճշգրտությամբ սեղանին դնելու համար (վիճակը մեզ համար իսկապես բարդագույն է):

Ավելին` պետք է գտնել մեխանիզմ, ինչու ոչ, իրավական, որ բանակցությունների ժամանակ հայկական կողմը ներկայացնի ավելի պատրաստված, փորձառու, դիվանագիտական նրբություններին տիրապետող աքսակալ (որքան էլ այդ թիմում պնդում են, որ «ճաշը եփողը պետք է ճաշի մասին մտածի». ի դեպ դա անթույլատրելի մոտեցում է):

Ազգի-էթնոսի հասունությունը այդ ժամանակ է դրսևորվում: Չնայած հասկանալի է նաև, որ օրվա իշխողը այլ առաջնահերթություններ ունի:

Իզուր:

Կարմեն Դավթյան