Դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքները կրում են օջախային, դանդաղ, ոչ ինտենսիվ, սակայն համառ բնույթ․ՊՆ ներկայացուցիչ

Այսօր Ադրբեջանի զինված ուժերը, ինչպես նաև նրանց աջակցող, զինակցող ահաբեկչական խմբավորումները, հատուկ նշանակության տարբեր ջոկատները շարունակել են իրենց տարաբնույթ հարձակողական գործողությունները ՀՀ սահմանի երկայնքով տեղակայված ստորաբաժանումների ուղղությամբ, ինչպես նաև Արցախի հյուսիսից մինչև հարավ։

Բերձորի ուղղությամբ և հարավային հատվածում որոշակի ոչ լայնամասշտաբ գործողություններ են ընթացել։ Հակառակորդին չի հաջողվել առաջանալ դեպի Բերձորի ուղղություն։ Այս ուղղությամբ մեր զինված ուժերի ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել։

Հյուսիսային ուղղությամբ հիմնականում վարվել է հրետանային կրակ, հրետակոծություն: Մասնավորապես՝ Մարտակերտ և ավելի հյուսիս ընկած ստորաբաժանումների ուղղությամբ։

Մարտական գործողությունները շարունակվել են նաև հարավային ուղղությամբ: Դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքները շարունակվում են։ Դրանք կրում են օջախային, դանդաղ, ոչ ինտենսիվ, սակայն համառ բնույթ։

Արծրուն Հովհաննիսյան