Թուրքիան տարածաշրջանում պատուհաս է դարձել, նա կամավոր չի հեռանա (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է արտաքին քաղաքականության գծով ԱՀ նախագահի խորհրդական, «Արցախի պահպանողական» կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը։

Անդրադառնալով Արցախյան ռազմաճակատում մղվող մարտերին՝ Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ մեր տղաները առյուծի պես, անձնվիրաբար կռվում են, և այն, ինչ մեր տղաներն են իրականացնում մարտի դաշտում՝ դա բացառիկ երևույթ է նույնիսկ համաշխարհային ռազմական պատմության մեջ։

Արտաքին քաղաքականության գծով ԱՀ նախագահի խորհրդականն անդրադառնալով Թուրքիայի քաղաքական նկրտումներին, այն է՝ դառնալ Արցախյան հակամարտության կարգավորող կողմերրից մեկը, ասաց հետևյալը․ «Որևէ համանախագահող երկիր դրան համաձայն չէ, եթե Թուրքիան է կողմ  դառնում, ապա ինչո՞ւ Իրանը չպետք է մասնակցի»։

Անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդությամբ նախաձեռնած հրադադարի կոչերին, որոնք ադրբեջանական կողմը կոպտորեն խախտում է՝ հաշվի չառնելով հումանիստական կոչերը։ Դավիթ Բաբայանը շեշտեց, որ չպետք է մոռանալ, թե ով է մեր թշնամին, օրինակ բերելով այսօր թշնամու կողմից Ստեփանակերտի ծննդատան թիրախավորումը։

«Արցախի պահպանողական» կուսակցության նախագահը խոսելով պատերազմին Թուրքիայի անմիջական մասնակցության մասին՝ հարցադրում արեց․ «ՆԱՏՕ-ն գիտե՞ր, որ Թուրքիան պատերազմ է նախապատրաստում, եթե գիտեր, ապա ո՞րն է նրա արձագանքը,-ապա հավելեց,- կարծում եմ՝ ՆԱՏՕ-ն չէր ցանկանա, որ Թուրքիան դիմեր նման քայլի»։

Հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարների հանդիպումները և մի շարք այլ նախատեսվելիք հանդիպումներ, Դավիթ Բաբայանը հույս հայտնեց, որ շուտով հարցը հանգուցալուծում կստանա, և որ հաղթանակը մերն է լինելու՝ պետք է յուրաքանչյուր հայ վստահ լինի։

Մանրամասները՝ տեսանյութում